Իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը «Iranian Diplomacy» կայքում հրապարակված «ՎՏԱՆԳՆԵՐՈՎ ԼԻ ՂԱՐԱԲԱՂ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ ՄՏԵՐՄԻԿ ԶՐՈՒՅՑ ԻԻՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ» վերնագրով հոդվածում անդրադարձել է Իրանին լրտեսելու նպատակով, սակայն առեւտրային եւ տնտեսական գործունեության քողի տակ, Ադրբեջանի կողմից օկուպացված Ղարաբաղում Իսրայելի ակտիվ ներկայությանը: Հոդվածագիրը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք Իրանի նախագահին չի անհանգստացնում հնարավոր վտանգներն ու չի մտահոգում այն փաստը, որ երկու տարի առաջ Ստեփանակերտը հայերի հարկադիր տեղահանությունից հետո ամբողջովին հայաթափվել է:
Մովահեդիանի կարծիքով, այցելելը Ադրբեջան, որը կասկածվում է Իսրայելի հետ Իրանի դեմ դավադրության մեջ, որեւէ արդարացում չունի: Նա հավելում է, որ Իրանի հասարակության մոտ բազմաթիվ կասկածներ կան Բաքվի իշխանությունների հակաիրանական գործունեության վերաբերյալ:
Այդպիսի այցելության աննպատակահարմարության հանգամանքները ընդգծելու համար հեղինակը հիշեցնում է, որ Բաքուն Իրանի մտահոգությունները փարատելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել:
Իրանի բարեփոխականների քաղաքական հոսանքին պատկանող «Շարղ» օրաթերթի հոդվածագիր տիկին Վահիդե Քարիմին՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի Բաքու այցելության կապակցությամբ իր մտահոգությունն արտահայտելու համար ընտրել է «ԱՐԴՅՈ՞Ք ԹԵՀՐԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿՀԱՍՆԻ ԲԱՔՎԻՆ» վերնագիրը:
Կարդացեք նաև
Հոդվածագրի կարծիքով, հաշվի առնելով կազմակերպության վերջին տարիներին ազդեցության կորստի եւ հեղինակազրկման փաստը, ՏՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցության համար Թեհրանը կարող էր ներկայանալ ԱԳ նախարարի մակարդակով: Տիկին Վահիդեն, հաշվի առնելով միջոցառման անցկացման վայրը եւ արարողակարգային առանձնահատկությունները, չի թաքցնում իր մտահոգությունը՝ կապված Փեզեշքիանի Բաքու կատարելիք այցի հետ, նշելով, որ Իրանի նախագահը, ամենայն հավանականությամբ, չի կարողանալու ՏՀԿ-ի ամբիոնն օգտագործել՝ պատերազմի օրերին Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը քննադատելու նպատակով:
Իրանական «QudsOnline» կայքն էլ իր հերթին չի ողջունում նախագահ Փեզեշքիանի այցը Ղարաբաղ՝ պատերազմի ընթացքում Բաքվի իսրայելանպաստ քաղաքականության պատճառով: «QudsOnline»-ը իր հոդվածն ԻԻՀ նախագահի այցի մասին եզրափակում է հետեւյալ տողերով. «Մտահոգիչ է այն փաստը, որ վերջին տարիներին Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի սահմանների մոտ վերածվել է սիոնիստական ռեժիմի անվտանգության եւ օպերատիվ գործողությունների հենակետի»:
Անշուշտ, վեհաժողովի աշխատանքներն ամփոփող փաստաթղթի հրապարակումը հնարավորություն կտա պարզել Փեզեշքիանի այցի նպատակահարմարության աստիճանը:
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում