Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել սրբազանը փակված է, Բագրատ սրբազանը փակված է, ինչը կրկին թույլ է տալիս իշխանությանը մտածել, որ ինքն ավելի զորեղ է, քան հասարակությունը. Դավիթ Սահակյանց. «Հրապարակ»

Հուլիս 04,2025 11:13

«Հրապարակ»-ի զրուցակիցը ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն է:

– Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմում իշխանությունը կանգ չի առնում ոչ մի միջոցի առջեւ, ընդհուպ մինչեւ զինված հրոսակախումբ հիշեցնող իրավապահների ներխուժումը Վեհարանի տարածք, մինչդեռ, անգամ այս իրավիճակում Մայր Աթոռը նկատելի զուսպ է իրեն պահում: Հավատավոր զանգվածը հարցնում է` արդյոք ժամանակը չէ՞, որ Էջմիածինը սկսի ավելի կոշտ արձագանքել այդ հարձակումներին:

– Այո, ես համակարծիք եմ գաղափարին, որ Եկեղեցին պետք է շատ ավելի ամուր դիրքերից ու կտրուկ խոսի: Հուսադրող է, որ ինֆորմացիա կա այն մասին, որ Հայաստանից դուրս բոլոր թեմերի ղեկավարներն օրերս ժամանելու են Էջմիածին՝ խորհրդակցության: Ես կարծում եմ՝ գուցե այդ խորհրդակցության ժամանակ այս մասին խոսք կգնա, եւ շատ ավելի հստակ կգործի Եկեղեցին: Ես կարծում եմ՝ պատարագներին մասնակցելը, հաղորդակցվելը Եկեղեցու հետ եւ այլն, այդ ամենն իր տեղն ունի, բայց իրավիճակն օրհասական է, այնպիսի պատմական վիճակ է, որ մեր՝ հայերիս, Հայաստանի, այն, ինչ մնացել է Արցախը կորցնելուց հետո, մեր հայրենիքի այդ հատվածի գոյության հարցն է դրված, եւ մենք բնաջնջման առջեւ ենք կանգնած՝ կոչենք սա սպիտակ ցեղասպանություն կամ էքսպանսիա: Եթե մենք չկարողանանք լուծել իշխանափոխության հարցը Հայաստանում, ապա ես կարող եմ ասել, որ մենք կանգնած ենք լինելու գոյաբանական խնդրի առաջ, ուստի Եկեղեցու դերը շատ ավելի կարեւոր է, քան ուղղակի պատարագի մատուցումը, Եկեղեցին պետք է ճիշտ ուղղությամբ տանի իր հոտին:

 – Եթե  փորձենք հետահայաց գնահատել, Վեհարանի վրա հարձակման օրը եթե Գարեգին Բ-ի կողմից զսպվածություն ցուցաբերելու հորդորը չլիներ, ու, օրինակ, Միքայել սրբազանը չգնար ՔԿ, հատկապես որ պատշաճ ծանուցում չէր եղել, իրավիճակը կարո՞ղ էր փոխվել: Միքայել սրբազանը, ՔՊ-ական բառապաշարով ասեմ, «դուխով» հոգեւորականներից է:

– Դժվար է ասել՝ այն առումով, որ ցանկացած գործողությունից հետո պետք է հասկանալ, թե հետեւանքներն ինչպիսին կարող են լինել: Այդ պահին ես էլ էի այնտեղ, եւ մարդիկ, որոնք եկել էին պաշտպանելու Մայր Աթոռը եւ սրբազանին, ասում էին՝ սրբազան, մի կոտրիր մեզ, մենք պատրաստ ենք եւ եկել ենք այստեղ քեզ պաշտպանելու, Եկեղեցին պաշտպանելու: Մարդիկ իսկապես դեմ էին, որ նա հանձնվեր: Ես կարծում եմ, որ այդ պահին, այդ օրը  մենք միայն կբազմապատկվեինք, եւ կարծում եմ, որ հաղթանակ կտոնեինք: Գուցե հաջորդ օրը կամ այլ պայմաններում նորից կգային ու կձերբակալեին նրան, բայց այդ պահին կլիներ հաղթանակ, իսկ այդ իրավիճակում ստացվեց, որ վարչապետի աթոռին նստածը կրկին հաղթանակ տոնեց, որովհետեւ իր ուզածը եղավ՝ Միքայել սրբազանը փակված է, Բագրատ սրբազանը փակված է, ինչը կրկին թույլ է տալիս իշխանությանը մտածել, որ ինքն ավելի զորեղ է, քան հասարակությունը:

– Ձեր կարծիքով՝ Փաշինյանը որքա՞ն հեռու կգնա:

– Նա կգնա ամեն ինչի, բայց ինձ մոտ նաեւ տպավորություն է ստեղծվում, որ նրան սատարողները պատրաստ չեն գնալ այն ծայրահեղ քայլերին, որոնց իրենց կդրդեր Նիկոլը: Նորից եմ ասում՝ մարդկանց քանակն էր ավելանում Էջմիածնում, եւ վճռականությունը շատ բարձր էր:

– Ամեն անգամ, երբ մենք բախվում ենք իշխանության ստեղծած այս կամ այն ծանր մարտահրավերին՝ Հայաստանի համար բախտորոշ, մարդիկ ասում են՝ եկեղեցի, զանգերը հնչեցրու: Այդ օրը հնչեցին զանգերը:

– Ովքեր իսկապես սպասում էին այդ զանգերին, նրանք հայտնվեցին Էջմիածնում եւ պատրաստ էին պաշտպանել Եկեղեցին, մյուսների համար, երեւի, այդ զանգերն ավելի բարձր պետք է ղողանջեն, կամ ուղղակի հերթական միջոցն է՝ խուսափելու որեւէ պատասխանատվությունից, եւ հերթական ղողանջները որոշ զանգվածի համար կարող է եւ չլսվեն:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031