Ուրախությամբ ընթերցեցի Ռամկավար Ազատական կուսակցության համադրված մամուլի տարածած հայտարարությունը, որտեղ լավագույնս ներկայացված էր ներկա ներքաղաքական իրավիճակը՝ մասնավորապես Եկեղեցի – Պետություն հարաբերությունների ճգնաժամը։ Սակայն հայտարարության մեջ մի դիտարկում էր արված, որը, կարծում եմ, չի համապատասխանում իրականությանը։ Դա այս հատվածն է․
«Միւս կողմէ, այս անգամ ակնարկելով հոգեւորական դասի վերաբերմունքին եւ անդրադառնալով մօտ տարի մը առաջ կարեւոր ծաւալ ստացած՝ այսպես կոչուած «Սրբազան Պայքար»ին, որ գլխաւորած էր աւագ եկեղեցականի մը կողմէ, կը մատնանշենք, թէ այդ ժամանակ, Մայր Աթոռը պարտէր յստակորէն անջատել զայն եկեղեցւոյ կառոյցեն»։
Եթե թույլ կտաք մի քանի դիտողություն կանեմ այս հատվածի առնչությամբ առանց նսեմացնելու ընդհանուր հայտարարության կարևորությունը։
1․Համամիտ չեմ ձեր բնութագրմամբ «այսպես կոչուած «Սրբազան Պայքար» ի հետ։ Այդ պայքարը ո՛չ թե «այսպես կոչուած» է, այլ հենց «Սրբազան Պայքար» է կոչվում և հիմա էլ շարժումը գործում է։
Կարդացեք նաև
2․Ավելի ճիշտ կլիներ, որպեսզի շարժման առաջնորդին ո՛չ թե իբրև «աւագ եկեղեցական մը» ներկայացնեիք, այլ ինչպես վայել է ներկայացնեիք հարգելով նրա կոչումն ու անունը, այսինքն` որպես Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան։
3․Եվ ամենակարևորը․ Շատ վիճահարույց է հայտարարության տվյալ հատվածի մեջ ծվարած հետևյալ միտքը․ «այդ ժամանակ, Մայր Աթոռը պարտէր յստակորէն անջատել զայն եկեղեցւոյ կառոյցեն»։ Ասեմ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր պաշտոնական հայտարարություններում միշտ նշել է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մասնակից չէ այդ շարժմանը։ Մայր Աթոռը իր աջակցությունը եթե անգամ հայտնել է, ապա հայտնել է մինչև այն պահը, երբ այդ շարժումը կոչվում էր «Տավուշը հանուն հայրենիքի»։ Բացի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական հայտարարություններից առանձին հոգևորականներ ու ոչ միայն հոգևորականներ նույնպես խոսել են նրա մասին, որ Եկեղեցին գործուն մասնակցություն չունի «Սրբազան Պայքար» շարժման մեջ։ Ուստի, մանավանդ այս ժամանակներում, երբ քաղաքական հետապնդում է իրականացվում շարժման առաջնորդի և ակտիվիստների նկատմամբ խոսել նրա մասին, որ եկեղեցին իբր պետք է «յստակորեն անջատեր շարժումը եկեղեցուց», կարծում եմ, անտեղի էր և իրականությանը չէր համապատասխանում, քանի որ ինչպես ասացի, Եկեղեցին ավելի քան հստակորեն խոսել էր իր դիրքորոշումների մասին։
Հայտարարության մեջ որոշ դիտարկումներ ևս, գոնե ինձ համար խնդրահարույց են, սակայն ոչ այն չափով, որպեսզի դրանց անդրադառնամ։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ