Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրգործ է հարուցվում Սեւանի ափին առանձնատուն կառուցելու համար․ Աննա Վարդապետյանը հիմքերն է ներկայացնում

Հուլիս 04,2025 11:33

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2017 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ եւ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10 հազար 526 քառակուսի մետր հողատարածքը զավթվել եւ 2010-2015 թվականներին առանց կառուցապատման իրավունքի հայտարարագիր ներկայացնող պարտականություն ունեցող անձի կողմից ինքնակամ կառուցվել է առանձնատուն․ սա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունից է, որն այսօր քննվում է խորհրդարանում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։

Հարցը քննվում է Սեյրան Օհանյանի բացակայությամբ։

Խորհրդարանն արտահերթ նիստում քննում է նաեւ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի եւ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Արթուր Սարգսյանին նաեւ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Հարցերը ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Աննա Վարդապետյանի խոսքով, նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված հողատարածքը եւ դրա վրա կառուցված առանձնատունը 2010 թվականից փաստացի տիրապետվում է Սեյրան Օհանյանի կողմից․ «2025 թվականի հունիսի 9-ին քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացվել է առաջարկություն՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։ Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել այն բանի համար, որ նա 2008-2016 թվականներին, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10 հազար 526 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը։

Կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում՝ Սեյրան Օհանյանը հանձնարարել է իր ենթակա, Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանին եւ այլ անձանց Պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցած շինարարական կազմակերպությունների և դրանց ծառայողների ներգրավմամբ կազմակերպել եւ ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։

Նշված տարածքի եւ այնտեղ գտնվող գույքի պահպանությունը, Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ, իրականացվել է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կողմից, որոնց 2011-2016 թվականներին պահպանության ծառայության համար պետական բյուջեի միջոցներից վճարվել է առնվազն 13 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031