Բացի վկաների ցուցմունքներից այլ հաստատող հանգամանքներ կա՞ն, որ Սեյրան Օհանյանը փաստացի տիրապետել է այդ գույքին․ խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աննա Վարդապետյանն ասաց, որ լրացուցիչ հաստատող հանգամանք է այն, որ խուզարկությամբ հայտնաբերվել են Սեյրան Օհանյանի ծննդյան օրվա կապակցությամբ շատ անձնական շնորհավորանքներ, նաեւ ՀԷՑ-ի եւ գազի մատակարարման բաժանորդ է հանդիսացել Սեյրան Օհանյանի զոքանչը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ոչ թե հարց տվեց, այլ ելույթ ունեցավ։ Ասաց՝ կապիտալ շինարարության վարչությունը պատասխանատու է բանակի տարբեր ենթակառուցվածքների համար, որի ղեկավարն աշխատել է իր ղեկավարի՝ նախարարի առանձնատան շինարարության վրա։ Նա նաեւ Աննա Վարդապետյանին խնդրեց ևս մեկ անգամ ժամկետները հստակեցնել։
Աննա Վարդապետյանի պատասխանից հետո, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռեպլիկ արեց՝ «ապրիլյան պատերազմի ժամանակ, ռազմական ոստիկանության զինվորները․․․բա՞ հարգելի ժողովուրդ․․․»։
Աննա Վարդապետյանն էլ հստակեցրեց, որ ռազմական ոստիկանության ծառայողները շինարարության վրա չեն աշխատել, միայն հերթապահություն են իրականացրել»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ հետաքրքրվեց՝ Սեյրան Օհանյանի՝ Վահագնի թաղամասի տան (լուսանկարում) հարցի վերաբերյալ կա՞ առաջընթաց։
Աննա Վարդապետյանն ասաց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով դիմում ունեն, ամբողջական ծավալով քննություն է իրականացվում, վարույթի մանրամասներին չանդրադարձավ։ Ասաց, որ այս դրվագը ամբողջությամբ պատրաստ է, այդ պատճառով են սա ներկայացրել եւ հայտարարեց, որ, իհարկե, Վահագնի թաղամասի տունն ավելի թանկ գույք է, քան սա։
Մանրամասները՝ տեսանյութում
Վլադիմիր Վարդանյանն էլ հետաքրքրվեց՝ Սեյրան Օհանյանն ընդունո՞ւմ է, որ այդ շինությունը սեփականության իրավունքով պատկանում է իրեն։ Կա՞ մտավախություն, որ վաղեմության ժամկետով այս վարույթը կկասեցվի եւ արդարադատություն չենք կարողանա իրականացնել։
Աննա Վարդապետյանը պարզաբանեց, որ Սեյրան Օհանյանն ասել է, որ ամառանոց չունի, այդ ամառանոցն իրեն չի պատկանում, բայց տարեկան մեկ անգամ այնտեղ կազմակերպում է իր եւ իր ընտանիքի, ընկերների հանգիստը։ Ասել է, որ վերանորոգման աշխատանքները իր խնայողությունների եւ ընկերների օգնություններով են կատարվել, բայց չի պարզաբանել, թե ի՞նչ հիմունքներով է ամառանոցը տրամադրվում իրեն։
Նաեւ հավելեց՝ վաղեմության ժամկետները Սեյրան Օհանյանի մասով չեն անցել, քանի որ փողերի լվացման մեղադրանք կա․ կնքված պայմանագրերի ժամկետը չի անցել։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Խորհրդարանն արտահերթ նիստում քննում է ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Արթուր Սարգսյանին նաեւ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Հարցերը ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Սեյրան Օհանյանը նիստին չի մասնակցում՝ առողջական խնդիրների պատճառով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ