Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհավորում եմ ձեզ, փաստորեն համ դատախազ եք, համ օպերի ֆունկցիա եք կատարում»․ Ագնեսա Խամոյանը՝ Աննա Վարդապետյանին

Հուլիս 04,2025 12:46

«Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին եւ միակ դատախազն եք, որի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվում։ Շնորհավորում եմ ձեզ, փաստորեն համ դատախազ եք, համ օպերի ֆունկցիա եք կատարում»,- խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության քննարկման ժամանակ։

Հիշեցնենք, որ դատախազությունից «Ազատությանը» հայտնել էին, որ «168.am» կայքի՝ «Եթե քաղաքական գործիչներին չհաջողի. Մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին. Սամվել Կարապետյան» վերտառությամբ, ինչպես նաև «Aravot.daily» կայքի՝ «Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներից հետո իրավապահները գործի անցան» վերտառությամբ հրապարակումները՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել են Քննչական կոմիտեի նախագահին:

Արծվիկ Մինասյանի նկատմամբ այս գործընթացը Ագնեսա Խամոյանը համարում է ապօրինի եւ քաղաքական պատվեր․ «Արծվիկ Մինասյանը նախարար է նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 27-ին, ենթադրյալ ապօրինի փաթեթը նախարարություն մուտք է արվել հաջորդ օրը։ Ուզում եք ասել՝ 24 ժամվա նշանակված նախարարը հանցավոր կապի մե՞ջ է եղել ենթադրյալ հանցագործների հետ։ Չասացիք, թե այլ անձինք ովքե՞ր են, որոնք ցուցմունքներ են տվել, դուք միայն մեջբերում էինք անում Արծվիկ Մինասյանի ցուցմունքը։ Ստացվում է՝ Մինասյանը ցուցմունք է տվել ինքն իր դե՞մ»։

Ագնեսա Խամոյանի դիտարկմամբ՝ Արծվիկ Մինասյանին մեղադրում են, որ չի ստուգել փաթեթի օրինականությունը, բայց դրա լիազորություններն ի պաշտոն չի ունեցել․ «Դա նույնն է, որ վաղն այդ ամբիոնից ձեր դեմ մեղադրանք ներկայացվի նրա համար, որ նախաքննական մարմնի ներկայացրած փաստերը չեք ստուգել ու գործեր եք հարուցել։ Օրինակ, հայտնի ձայնագրությունների օրինականությունը չեք ստուգել, դրանց հիման վրա քրեական գործեր եք հարուցել։ Այս տրամաբանությամբ, ձեզ վաղը մեղադրանք է ներկայացվելու։ Դուք Հայաստանում օրինականություն չեք ապահովում, Փաշինյանի համար եք ենթադրյալ օրինականություն հաստատում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Վարույթը, որի շրջանակներում Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացվել խորհրդարանին, փոխկապակցված է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության հետ՝ խորհրդարանում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ներկայացնելով Արծվիկ Մինասյանի նկատմամբ վարույթ հարուցելու միջնորդությունն էլ Աննա Վարդապետյանը, մասնավորաբար, ասաց․ «Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել այն բանի համար, որ նա, 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 12-ը, խմբային շահերից ելնելով՝ չի կատարել ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որպիսի արարքների հետեւանքով էական վնաս է պատճառվել հասարակության եւ պետության օրինական շահերին եւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ»։

Աննա Վարդապետյանի պնդմամբ՝ Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել եւ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, ՀՀ-ին պատկանող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը․ «Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ, տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց կողմից նշված իրավախախտումները տևական ժամանակ չեն արձանագրվել եւ դրանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել: Վերոնշյալ տեղեկություններին տիրապետելու պայմաններում, խմբային շահերից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, միջոցներ չի ձեռնարկվել թույլ տրված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ: Հակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ տարածքը զավթելու եւ այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը, ինչպես նաեւ իրավասու պաշտոնատար անձանց դրսեւորած անգործությունը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով, այլ անձանց մասնակցությամբ, միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Սեյրան Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, խորհրդարանն արտահերթ նիստում քննում է ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Արթուր Սարգսյանին նաեւ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Հարցերը ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Սեյրան Օհանյանը նիստին չի մասնակցում՝ առողջական խնդիրների պատճառով։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031