«Երբ խոսում ենք Արցախի մշակութային ժառանգության մասին, առաջինը հաշվի ենք առնում նյութական մշակութային ժառանգությունը, որը մնացել է Արցախում։ Դրա մասին ենք հիմնականում բարձրաձայնում, եւ այդ համատեքստում նորից անտեսվում է Արցախի արվեստի գործիչների իրավունքների պաշտպանության հարցը»,- «Արվեստի ձայնը» համաժողովում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ այս համաժողովը եւս մեկ առիթ է՝ արժեւորելու այս հարցը եւ միասին մտորելու, թե ինչ գործիքներ կարելի է կիրառել՝ ուժեղացնելու Արցախի արվեստի գործիչներին Հայաստանում։ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Արցախի մշակութային համայնքների տարրալուծումը երեւի ամենավատ երեւույթն էր, որը տեղի է ունեցել։ Արցախում գործել են մշակութային տարբեր միություններ՝ նկարիչների, գրողների միություններ եւ այլն։ Եթե Հայաստանում դարձյալ ձեւավորվեն այդպիսի համայնքներ կամ եթե այդ անձինք սահուն ինտեգրվեն Հայաստանում նմանատիպ համայնքների մեջ, ապա իրենց համար շատ ավելի հեշտ կլինի նորից ոտքի կանգնել ու շարունակել իրենց աշխատանքը։
«Շատ կարեւոր հարց հնչեց այստեղ՝ մշակույթի միջոցով արցախցիների վերադարձի հարցը վառ պահելու մասին։ Ես ավելին կասեմ՝ սա միայն մշակույթին չի վերաբերում, առհասարակ արցախցիների նկատմամբ այսօրվա վարվող քաղաքականությունը հեռանկարում վերադարձ չունի, այսինքն՝ քաղաքականության հիմքում վերադարձի գաղափարը դրված չէ։ Եթե բնակարանային ապահովման ծրագիրը հիմքում ունենար վերադարձը, ապա անպայման կուզենային, որ Արցախի համայնքները համատեղ բնակվեին, մարդիկ համատեղ բնակվեին։ Մենք տեսնում ենք, որ հնարավորինս տարվում է այդ համայնքները տարրալուծելու եւ հնարավորությունները բացառելու քաղաքականություն»,- հավելեց Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ նույն վերադարձի իրավունքը շատ հանգիստ կարելի է առաջ մղել Արցախի արվեստի գործիչներին ուժեղացնելով, նրանց աշխատանքը միջազգային հարթակ հանելով։
Կարդացեք նաև
Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ մշակութային իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատների ամբողջ ծավալի մեջ մտնում է։ Այսինքն՝ դա առանձին թեմաներից մեկն է, ռազմական հանցագործությունների թեմաների, գույքային իրավունքների հարցերի հետ միասին։
«Ներկայացված հայցն ամբողջությամբ փակում է նաեւ մշակութային իրավունքների պաշտպանությունը։ Բայց, քանի որ կա այդ ռիսկը,եւ գնալով այդ ռիսկը շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում, որ մի օր ՀՀ կառավարությունը հետ է կանչելու միջպետական գանգատները, եւ հայտնվելու ենք դժվարին իրավիճակի մեջ, երկու բանի մասին կուզեի խոսել, որոնք երեւի թե նախադեպային են կամ նոր են մեկնարկել։ Մեկը Եկեղեցու կողմից ներկայացված գանգատն է Միջազգային դատարան, որը վերաբերում է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացմանը։ Սա ներկայացվել է Հայ Առաքելական եկեղեցու կողմից, ընթացքի մեջ է, 2023 թվականից մենք տեսանք, որ եկեղեցին ամբողջությամբ վերացել է, եւ հայցը հիմա փոփոխման փուլում է, որպեսզի ներկայացվի որպես ամբողջական ոչնչացում։ Եվ երկրորդը վերաբերում է Շառլ Ազնավուրի արձանին, որը տեղադրված էր Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում։ Այս հայցը պետք է դատարան ներկայացվի արձանի հեղինակի կողմից՝ որպես իր ստեղծագործության պաշտպանության հեղինակության իրավունք։ Մենք կարծում ենք, որ այս գործողությունները պետք է տարբեր ոլորտներում լինեն, Ստեփանակերտում կամ Արցախի տարբեր բնակավայրերում եղել են վանդալիզմի բազմաթիվ դեպքեր։ Եվ ամեն դեպքի հետեւից պետք է գնալ, հայց ներկայացնել կա գանգատներ տանել Միջազգային դատարան»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ