Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի դուստրը, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը Սեւանի ափին հող ունեն»․ Գեղամ Մանուկյան

Հուլիս 04,2025 13:49

«ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի դուստրը, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը հող ունեն։ Պարոն Մելքոնյան, կասե՞ք, որ ձեր աղջկա անունով հող կա։ Ձեր աղջկա անունով հող կա՞ Սեւանում»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Դահլիճից ՔՊ-ական պատգամավորը Գագիկ Մելքոնյանն արձագանքեց, սակայն չհասկացվեց, թե ի՞նչ է ասում։

Գեղամ Մանուկյանը 300 հոգանոց ցուցակ ցույց տվեց՝ Սեւանի ափին տարածքներ կամ շինություններ ունեցողների, որոնց թվում նաեւ բազմաթիվ ՔՊ-ականներ կան։ Աննա Վարդապետյանն ասաց՝ պատգամավորի ցուցակը թերի է, իրենք տեղեկություն ունեն 991 անձի վերաբերյալ։

Գեղամ Մանուկյանը հայտարարեց նաեւ՝ 2016 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Սեյրան Օհանյանը պետական պաշտոն չի զբաղեցրել։ Նա հիշեցրեց, որ պաշտոնազրկումից հետո Սեյրան Օհանյանը բավական լարված հարաբերություններ ուներ օրվա իշխանության հետ եւ չէր կարող իր լծակներն օգտագործել եւ եթե այդքան լծակ ունեին, մինչեւ 2016 թվականը՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը, ինչո՞ւ չէին օրինականացնում։

Մանրամասները՝ տեսանյութում

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ ցուցադրեց 2019 թվականին Սեւանի ափին առանձնատան նկար՝ «Կապավոր» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցված եւ ասաց, որ վերջինիս լուսանկարը վերջին անգամ տեսել ենք ՔՊ գրասենյակում՝ 2021-ի ընտրությունների օրը։

Նա հետաքրքրվեց ինչո՞ւ դատախազը նույն հետեւողականությամբ դրան քրեաիրավական գնահատական չի տալիս, այն դեպքում, երբ ինքը բազմիցս է այդ մասին խոսում։

Հարցուպատասխանի ավարտից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Աննա Վարդապետյանին հորդորեց՝ ամեն դեպքում ընթացք տալ Թագուհի Թովմասյանի հայտարարությանը, քանի նոր այդ անձի նկարն իրենց նկարների կողքին է դրվում։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ տարակուսեց, որ քրեական հետապնդման չի ենթարկվում այն նախարարը, որի պաշտոնավարման ժամանակ կառուցվել է շինությունը, բայց հետապնդվում է Արծվիկ Մինասյանը։ Նա հետաքրքրվեց՝ այդ պետքում ինչո՞ւ Արծվիկ Մինասյանից հետո պաշտոնավարած ՔՊ-ական նախարարներ Էրիկ Գրիգորյանը, Հակոբ Սիմիդյանը նույն հիմքով չեն հետապնդվում։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, խորհրդարանն արտահերթ նիստում քննում է ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Արթուր Սարգսյանին նաեւ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Հարցերը ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Սեյրան Օհանյանը նիստին չի մասնակցում՝ առողջական խնդիրների պատճառով։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031