Ermenihaber. Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքը ներկայացրել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի մամուլի ասուլիսը։ Հիմնական թեմաներից է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստամբուլյան այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպման, պատրիարքարանի փակ լինելու թեմաները և այդ առնչությամբ առաջացած արձագանքները։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ արքեպիսկոպոս Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ, քանի որ կանխավ գրավոր դիմում չի ներկայացվել վարչապետի՝ պատրիարքարան այցելելու վերաբերյալ։
Պատրիարքը մասնավորապես նշել է․ «Վարչապետ Փաշինյանի ստամբուլյան այցի հետ կապված խառնաշփոթ էր առաջացել։ Հայաստանի Հանրապետությունը ինստիտուտ է, բայց Թուրքիայի հայոց պատրիարքարանը նույնպես ինստիտուտ է։ Հայաստանի Հանրապետությունն ունի 35 տարվա պատմություն, իսկ Թուրքիայի հայոց պատրիարքարանը՝ ավելի քան 500 տարվա։ Փաշինյանի՝ Ստամբուլի հայ համայնքին այցելելն իր արարողակարգն ուներ»։
Մաշալյանը նշել է, որ ավելի վաղ պատրիարքարանում հյուրընկալել են Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Բայց այս վերջին այցի համար որևէ պաշտոնական գրություն չի եղել։ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը նշել էր, որ վարչապետ Փաշինյանը Ստամբուլ է գալու, բայց պատրիարքարան չի այցելելու, այլ այցելելու է սբ․ Մարիամ Աստվածածին պատրիարքական եկեղեցի։
Կարդացեք նաև
Պատրիարք Մաշալյանը շեշտել է, որ Պոլսո պատրիարքարանը արարողակարգային սխալ չի արել, սխալը եղել է Հայաստանի կողմից։
Անդրադառնալով Փաշինյանի Գումգափը այցի ժամանակ հոգևորականի բացակայությանը՝ պատրիարքը դա ներկայացրել է որպես «գիտակցված դիրքորոշում»։
«Այն, որ պարոն Փաշինյանի Գումգափը այցի ժամանակ որևէ հոգևորական ներկա չի եղել, գիտակցված դիրքորոշում էր։ Պատճառը կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին օգտագործած վիրավորական, հարձակողական լեզուն է»,- ընդգծել է Կ.Պոլսի հայոց պատրիարքը։
Նա նշել է, որ այլ եկեղեցիներ ևս արձագանքել են։ Մասնավորապես Կիլիկիայի կաթողիկոս Արամ Ա-ն նշել է, որ Էջմիածնի կողքին է, Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանն էլ։ Ըստ նրա իր հետ ծառայող հոգևոր եղբայրներս էլ չեն ցանկացել այնտեղ վարչապետի հետ մեկ վայրում գտնվել։
«Պատրիարքարանի հիմնական մուտքի դուռը բաց է եղել, և վարչապետը Կոմիտասի հուշարձանին ծաղիկ է դրել։ Ոմանց կողմից պատրիարքարանին և հոգևորականներին ուղղված քննադատությունների պատճառն այն է, որ մարդիկ չեն հետևում ընթացիկ թեմաներին։
Սա քաղաքական բանավեճ է և քաղաքական բախում։ Մենք չենք ուզում, որ սա արվի ամենայն հայոց կաթողիկոսության դեմ, մենք չենք ուզում, որ քաղաքական պատճառներով եկեղեցու ներքին գործերին միջամտեն, և մենք չենք ուզում, որ հարցերը լուծվեն վիրավորական լեզվով։ Եվ մենք ցույց տվեցինք մեր ամենաբնական արձագանքը։ Սա մեր բացահայտ արձագանքն է»,-շեշտել է Մաշալյանը։
Ասուլիսի ընթացքում Մաշալյանին հիշեցրել են, որ կաթողիկոս Գարեգին II-ն էլ ունի քաղաքական դիրքորոշում և վաղուց հանդես է գալիս ընդդիմադիր ուժերի հետ։
Պատրիարք Մաշալյանը, հարցին ի պատասխան, նշել է, որ Փաշինյանը փորձում է միջամտել եկեղեցու գործերին, ձգտում է իրեն համահունչ կաթողիկոս ունենալ ու երբ ցանկանա, կաթողիկոս փոխել կարողանա։
«Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի նրան և առերես կհայտնեի իմ առարկությունները։ Բայց այստեղ չէի, իսկ սա այն գործը չէ, որ ուրիշին հանձնարարվեր։ Կարծեցինք, որ այս դիրքորոշումը ճիշտ կլինի։ Լուռ բողոք արտահայտեցինք, և պարոն Փաշինյանն էլ դա հասկացավ»,- շեշտել է Կ. Պոլսի պատրիարքը։
Մաշալյանը՝ անդրադառնալով Էջմիածնի հոգևորականների՝ քաղաքական զարգացումների վերաբերյալ հայտարարություններով հանդես գալուն, նշել է․
«Երբ հոգևորականը մտնում է քաղաքականություն, դա գին ունի։ Ճի՞շտ է, թե՞ սխալ՝ կտեսնենք»։
Նա հավելել է, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ որևէ տեսակետ չունի՝ ընդգծելով․ «Թուրքիայի հայերը ցանկանում են, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կարգավորվեն։ Փաշինյանը սխալ քաղաքականություն չի վարում, մենք աջակցում ենք։ Բայց այդ մասին խոսելիս չենք կարող անտեսել նրա քաղաքական դիրքորոշումը մեր եկեղեցու նկատմամբ»։