Ինձ վերագրվում են բաներ, որոնք ոչ միայն իրավական տեսակետից վերագրելի չեն, այլ մտադրություններում չեն եղել․ խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով գլխավոր դատախազի միջնորդությանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Նա հայտարարեց՝ իր համար վիրավորական է ոչ թե այս ապագա չունեցող մեղադրանքը, այլ այն, որ ԱԺ ամբիոնն օգտագործվում է իրեն վարկաբեկելու համար։
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԽՍՀՄ ժամանակներից սկսած՝ «Սեւան» ազգային պարկում մոտ 4800 շինություն կա, որոնք օգտագործվում են եւ հիմնականում պատշաճ վճարումներ չեն կատարվում։ Կան շինություններ, որոնք նաեւ պետական մակարդակով են օգտագործվում, բնապահպանական բազմաթիվ խնդիրներ էլ լուծված չեն։ Նաեւ հավելեց՝ իր նախարար եղած շրջանում՝ 2017-ին, կառավարությունը հաստատել էր «Սեւան» ազգային պարկի առողջացման ծրագիրը, հարցերը համապարփակ լուծելու համար, որը, սակայն, հետագայում այդպես էլ կյանքի չի կոչվել։
Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ մրցույթը ձեւական չի եղել, ինչպես ներկայացնում է Աննա Վարդապետյանը, այլ ըստ գործող կարգավորումների է եղել, որեւէ անձի նկատմամբ արգելք չի եղել։ Իսկ փոխկապակցվածությունների վերաբերյալ ճշտումներ անել բնապահպանության ոչ նախարարը, ոչ էլ աշխատակիցները չէին կարող անել՝ չունեն նման իրավասություն։
Ինչ վերաբերվում է շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննությանը, որը բացակայում է մրցույթի փաթեթում, Արծվիկ Մինասյանն ասաց, որ նման պահանջ կա միայն մեկ դեպքում, երբ կառուցապատում է իրականացվելու։ Նա հայտարարեց՝ չի իմացել, որ տվյալ շինությունը կառուցվում է Սեյրան Օհանյանի կողմից կամ նրա հետ փոխկապակցված անձի կողմից։ Պատմեց՝ ասել է, որ գիտի՝ տվյալ շինությունն օգտագործվել է Սեյրան Օհանյանի կողմից ու դա Սեյրան Օհանյանն էլ է ասել իր ցուցմունքում։
Կարդացեք նաև
Նաեւ պնդեց՝ գլխավոր դատախազը ստում է, երբ ասում է, որ հատուկ պահպանվող տարածքների վրա արգելվում է շինարարություն իրականացնելը։ Օրենքով եւ կառավարության որոշմամբ կառուցապատում կարելի է իրականացնել տնտեսական նշանակության տարածքների վրա։
Արծվիկ Մինասյանը հակադարձ հարց ուներ գլխավոր դատախազին՝ ինքնակամ շինությունների մասով բացառիկ լիազորությունը դատախազինն է՝ մինչ օրս պետական եւ համայնքային սեփականության վրա կառուցված շինություններից քանի՞ ինքնակամ շինություն է պետականացվել։ Դատախազին առաջարկեց՝ գործը ներկայացնելուց առաջ մանրամասն նայել հիմքերը, իրավական նորմերը, այլապես եկել ու իր ինտելեկտն է վիրավորում։
Արծվիկ Մինասյանը տարակուսեց՝ ստացվում է, որ այս գործով միակ ցուցմունք տվողն ինքն է եւ ինքն իր դեմ ցուցմունք է տվել։ Նա պնդեց, որ ինքը օրենքների եւ օրենսդրական նորմերի կիրարկումն է ապահովել՝ ի շահ պետության եւ պետական շահի, ոչ մի խմբային շահ ինքը չի հետապնդել իր գործունեության ընթացքում, ավելին, նշյալ շրջանում Սեյրան Օհանյանն արդեն նախարար չէր եւ հակադրության մեջ էր գործող իշխանության հետ, ուստի որեւէ կերպ խմբային շահ չէր կարող լինել։
Մանրամասները՝ տեսանյութում
Վարույթը, որի շրջանակներում Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացվել խորհրդարանին, փոխկապակցված է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության հետ։
Հիշեցնենք, խորհրդարանն արտահերթ նիստում քննում է ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Արթուր Սարգսյանին նաեւ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Հարցերը ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Սեյրան Օհանյանը նիստին չի մասնակցում՝ առողջական խնդիրների պատճառով։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ