Լրահոս
Օրվա լրահոսը

«Մհեր Մկրտչյանը մեր հայելին է. նրա միջոցով մենք տեսնում ենք ինքներս մեզ»

Հուլիս 04,2025 16:23

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է:

Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ծաղիկներ են խոնարհել մեծանուն դերասանի շիրիմին:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին Մհեր Մկրտչյան դերասանի հիշատակը պատվելու համար՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է. «Մհեր Մկրտչյանն իր թատերական գործունեությամբ կերտել է տարբեր ժողովուրդների բարեկամության և համամարդկային արժեքներ փոխանցող կերպար: Արժևորելով նրա թողած ժառանգությունը՝ կարևոր է, որ մերօրյա երիտասարդները ոգեշնչվեն նրա գործերով, չվախենան երազելուց և շարունակեն համամարդկային արժեք ունեցող գործը»:

Մեծարանքի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: «Մհեր Մկրտչյանը մեր հայելին է. նրա միջոցով մենք տեսնում ենք ինքներս մեզ: Չկա ընտանիք, որտեղ նա իր հետքը թողած չլինի՝ նպաստելով աշխարհայացքի ձևավորմանը, հայ մարդու խորը կերպարի ստեղծմանն ու բացահայտմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ ոլորտում ապագայի ծրագրերը պետք է իրականացվեն նաև Մհեր Մկրտչյանի հիշատակի առջև պատասխանատվությամբ:

Գնահատանքի խոսքեր հնչեցնելով մեծանուն արվեստագետի հիշատակին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշել է. «Մհեր Մկրտչյանն իր արվեստով որևէ դպրոցի չի պատկանում. նրա ստեղծած արվեստը վեր է բոլոր սահմաններից»:

Նշենք, որ օրվա շրջանակում  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ին` ժամը 19:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031