«Ի վերջո, անդրադարձեք «խմբային շահ» կոչվածին, որ տիկին դատախազն ասում է։ Մի հատ նկարագրեք՝ ովքե՞ր են եղել այդ հանցավոր խումբը եւ այդ խմբում ձեր դերակատարումը ո՞րն է եղել»,- խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը դիմեց Արծվիկ Մինասյանին՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննարկման ժամանակ։ Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ այդ հարցին գլխավոր դատախազը պետք է պատասխանի, քանի որ սխեման ինքն է բերել։
Թադեւոս Ավետիսյանը հետաքրքրվեց նաեւ պետությանը հասցված վնասներից։ Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ լավ չի հասկանում, թե պետությանը հասցված ի՞նչ վնասի մասին է դատախազը խոսում, երբ այդ պայմանագրի արդյունքում գումարներ են վճարվել պետբյուջե, պետությանը օգուտ է եղել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Խմբային շահի» թեման շարունակեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ Արծվիկ Մինասյանին ասելով․ «Ինձ հասած տեղեկություններով, Ձեր որդին բանակում ծառայելիս, Տավուշի մարզում, վերեւից ասվել է և ինքը «պոստեր» չի գնացել։ Չգիտեմ էլ՝ ո՞ր թվականին է ծառայել, ո՞վ է եղել պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, չեմ կարող ասել, բայց խմբային շահերը բաներ են, որոնց արմատները չեն երեւում»։
«Ես չգիտեմ՝ ով է այդ «բեսեդկի» զրույցը փոխանցել, իմ որդին ծառայել է, ծառայել է լիարժեք, որեւէ միջամտություն չի եղել։ Եթե այդպես լիներ, եթե դրան եք ակնարկում՝ շատ հեշտությամբ իմ որդին չէր ծառայի»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը։
Ռուբեն Ռուբինյանի հարցին էլ՝ այս հարցով այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանից ցուցում եղե՞լ է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ չի եղել։
ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի հարց-պնդմանն ի պատասխան էլ, որ ինքը պարտավոր էր իմանալ, որ Սեյրան Օհանյանն է կառուցում տվյալ շինությունը կամ նրա հետ փոխկապակցված անձը, քանի որ ներդրումային ծրագիր ներկայացրած անձը նման ֆինանսական միջոցների չէր կարող տիրապետել, Արծվիկ Մինասյանը հեգնեց՝ «բնապահպանության նախարարին դնում եք ԱԱԾ տնօրենի տեղ»։ Վլադիմիր Վարդանյանը պնդում է, եթե մրցութային հանձնաժողովի բոլոր անդամներն են իմացել, որ ներդրումային ծրագիր ներկայացրած անձը «պադստավնոյ ֆիգուր է», իրական սեփականատերը Սեյրան Օհանյանն է, ապա բոլորն էլ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Վարույթը, որի շրջանակներում Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացվել խորհրդարանին, փոխկապակցված է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության հետ։
Սեյրան Օհանյանը նիստին չի մասնակցում՝ առողջական խնդիրների պատճառով։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ