Ընթերցողի համար ,վստահ ենք, որ ամեն անգամ հաճելի անակնկալ է, երբ տեսնում է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, օսկարակիր, նշանավոր գրող Վիլյամ Սարոյանից թարգմանություններ: Այս անգամ «Անտարես» հրատարակչությունը լույս ընծայեց Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» պիեսների գիրքը (խմբագիր՝ Զ. Բոյաջյան)։
Թարգմանիչը, որն ավելի շատ հայտնի է իր ինքնատիպ հեքիաթներով, դրամատուրգիայով, գիտական աշխատանքներով, դոցենտ Էլֆիք Զոհրաբյանն է՝ Մարկ Տվենի, ինչպես նաև Վիլյամ Սարոյանի անվան միջազգային առաջին և այլ մրցանակների դափնեկիր։ Բացի այն, որ թարգմանիչը բեմը գիտի գործնականորեն, նա նաև սարոյանագետ է և իր գիտական աշխատանքի թեման Սարոյանի փոքր դրամաներն են: Էլֆիք Զոհրաբյանը մասնակցել է Սարոյանին նվիրված երկու միջազգային գիտաժողովների, ինչպես նաև գրել մոտ մեկ տասնյակ գիտական հոդվածներ նշանավոր գրողի դրամատուրգիայի վերաբերյալ:
2008-ին Սարոյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովում, որպես ամենաերիտասարդ մասնակից, նա աչքի ընկավ իր ելույթով և գրավեց այնպիսի անվանի սարոյանագետների ուշադրությունը, ինչպիսիք են պրոֆեսորներ Տիգրան Կույումջյանը, Հարրի Քեյիշյանը և այլք:
Ավելին՝ Սարոյանի որդին՝ նույնպես միջազգային ճանաչում ունեցող գրող Արամ Սարոյանը, նամակագրական կապի մեջ է Զոհրաբյանի հետ, նրան է ուղարկել իր սկանդալային «Վերջին ծեսը» գիրքը, տարբեր հոդվածներ, իր իսկ գրած պիեսներից և այլն, իսկ Զոհրաբյանը թարգմանել է նրա բանաստեղծություններից, որոնք տպագրվել են «Նարցիս» հանդեսում:
Կարդացեք նաև
Այն հարցին, թե ի՞նչ էր պատմում հոր մասին Արամ Սարոյանը, մեր զրուցակից Է. Զոհրաբյանը պատասխանեց. «Արամը, որը չի սիրում, երբ իրեն ազգանունով են դիմում, հիմնականում խուսափում է հոր մասին խոսելուց, խոսելիս էլ՝ դրական է արտահայտվում, թեև բոլորս էլ գիտենք նրանց հարաբերության մասին, բայց ինձ, որպես գրականագետի, այնքան էլ չի հետաքրքրում նրանց անձնական տիրույթը, այլ հետաքրքրում է նրանց ստեղծագործությունները կամ զուտ դրանց վրա ազդած կենսագրական փաստերը: Ինչպես, օրինակ, մարդու հույսը չկոտրելու ուղերձով «Ոստրեն ու մարգարիտը» հեռուստապիեսում բազմաթիվ դրվագներ կան հայր և որդի սարոյանների կյանքից…»:
Նշենք, որ «Ոստրեն ու մարգարիտը» պիեսը բեմադրվել է մի քանի անգամ ու մի քանի թատրոններում, որոնցից վերջինը՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում: Ինչպես նշեց թարգմանիչը, «ձևափոխված վերնագրով բեմադրվել է ևս երկու թատրոններում»…
Գրքի անոտացիայում կարդում ենք. «Պիեսների այս ընտրանին ընդգրկում է Սարոյանի բազմաժանր գործեր, որոնց մեծ կարևորություն էր տալիս հեղինակը ոչ միայն փորձարարական բեմերի, այլև ընթերցանության համար: Օպերայի, բալետի, ռադիոյի ու հեռուստատեսության համար գրված ինքնատիպ ու նուրբ հումորով լի պիեսները (1930-50 թթ.) քիչ են հայտնի, իսկ «Փոքր ազգերի տառապանքը» դրաման հայերեն թարգմանվել է առաջին անգամ: Ըստ էքսցենտրիկության վարպետ Սարոյանի՝ «պիես կարդացողն ավելի լավ մարդ է…», որը նաև «մտքում բեմադրում է» այն»:
Մեր զրուցակիցը նշեց, որ պահպանում է կապը նշանավոր սարոյանագետների հետ, որոնք Ամերիկայից գրքեր են ուղարկել իր համար, օժանդակել իր գիտական ուսումնասիրությանը: Նա հավելեց, որ վերջերս իրեն էր զանգահարել նաև Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը՝ ուղարկելով Վ. Սարոյանի «Բաբելոնյան խառնաշփոթություն» վերնագրով դեռևս անտիպ մի պիես և ցանկանալով իմանալ կարծիք՝ որպես բեմն իմացող գրականագետի: «Ուրախ եմ, որ Հայաստանում կան բազմաթիվ սարոյանասերներ, ինչպես նաև հրաշալի գիտնականներ, որոնք ծուռ Ուիլլիի գործերին մոտենում են տարբեր դիտակետերից…»:
«Սարոյան» մատենաշարով լույս տեսած «Ոստրեն ու մարգարիտը» գիրքը ընթերցվում է թեթևությամբ, որովհետև այնտեղ տեղ են գտել բազմազան, նուրբ հումորով ու հեգնանքով լի ստեղծագործություններ: Մասնագիտական շրջանում բարձր են գնահատել Էլֆիք Զոհրաբյանի թարգմանական կարողությունները, որոնց նպաստել են բեմի իմացությունը, պրոֆեսիոնալ դրամատուրգ լինելը, սարոյանագիտության մեջ բազմափորձությունը և այլն: Նրա թարգմանությամբ հայ ընթերցողին են հասել նաև Սեմյուել Բեքեթից, Օսկար Ուայլդից, Արամ Սարոյանից ու այլ հեղինակներից երկեր:
Թարգմանիչը զրույցի վերջում մեջբերեց գրքի հետնամասում գրված սարոյանական տողերը. «Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան ձեր խոսքերը սիրելիներին, երբ ասում եք՝ ես սիրում եմ քեզ…»:
Սամվել Դանիելյան