Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն «ակնհայտ անարգանք» է ցուցաբերում միջազգային իրավունքի նկատմամբ. CSI-ն ՄԱԿ-ում կրկին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել

Հուլիս 04,2025 16:59

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը՝ CSI-ն, կրկին կոչ է անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել, քանի որ Ադրբեջանը շարունակում է անտեսել Արդարադատության միջազգային դատարանի՝ ԱՄԴ-ի (International Court of Justice/ ICJ) որոշումը:

Այս մասին տեղեկանում ենք CSI-ի հաղորդագրությունից, որը ներկայացնում ենք թարգմանաբար.

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղից տեղահանված էթնիկ հայերի վերաբերյալ

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից, 120,000 էթնիկ հայերի արտաքսումից գրեթե 22 ամիս անց Բաքուն շարունակում է «ակնհայտ անարգանք» ցուցաբերել միջազգային իրավունքի և Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի նկատմամբ, հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին հայտնել է Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (CSI):

Հուլիսի 3-ին Ժնևում կայացած Խորհրդի նիստում ՄԱԿ-ի գլխավոր ներկայացուցիչ Աբի ՄաքԴուգալը հայտարարություն է արել CSI-ի անունից՝ ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող՝ դոկտոր Կ.Պ. Աշվինի հետ ինտերակտիվ երկխոսության ընթացքում։

Արտաքսումից երկու ամիս անց՝ 2023 թվականի նոյեմբերին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի Հանրապետությանը կարգադրել է «ապահովել, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ եղանակով»։

ՄակԴուգալը հիշեցրել է Խորհրդին, որ ԱՄԴ-ն Ադրբեջանից պահանջել է կատարել այս հրահանգը՝ համաձայն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի։

Բացի այդ, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին նաև հրահանգել է «պահպանել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի գրանցման, ինքնության և անձնական սեփականության փաստաթղթերն ու գրառումները»։

«Ադրբեջանի կառավարությունը ոչ միայն չի կատարել այս հրահանգը, այլև ակտիվորեն ոչնչացնում է հայերի տները, գույքը, գյուղերը, ինչը շատ դեպքերում անհնար է դարձնում այս հրահանգի կատարումը», – ասել է Մաքդուգալը։

Ինչպես մարտին, հիմա նույնպես CSI-ն կրկին կոչ է արել Մարդու իրավունքների խորհրդին «Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի՝ տուն վերադարձի համար»։

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը վտարվել է ադրբեջանական ռազմական գործողության ժամանակ, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 9 ամսվա շրջափակմամբ Ադրբեջանը ինքնակառավարվող այդ տարածաշրջանը թողել էր առանց սննդի կամ բժշկական օգնության։

Չնայած Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքից մինչև Հայաստանի սահման ճանապարհը մեքենայով սովորաբար մոտ 2 ժամ է տևում, «մարդկանց մեծամասնությանը երկու, ոմանց էլ՝ երեք օր է պահանջվել այդ ճանապարհն անցնելու համար, քանի որ այն ամբողջությամբ խցանված էր մեքենաներով», – CSI-ի պոդքաստ-հարցազրույցում ասել է Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային պաշտպանության տնօրեն Ջոել Վելդկամպը։ «Ըստ ՀՀ կառավարության՝ 64 մարդ մահացել է հենց այդ ճանապարհին՝ պայթյունից, ծարավից, տրավմայից»։

Շվեյցարիայի խորհրդարանը Շվեյցարիայի կառավարությանը լիազորել է Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների միջև խաղաղության բանակցություններ հյուրընկալել, չնայած նրան, որ այս նախաձեռնությունները որոշակի քաղաքական դիմադրության են հանդիպել:

Անցյալ ամիս շվեյցարացի խորհրդարանականների մի խումբ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հարցով Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության ստեղծման մասին, կոմիտե, որի նպատակն է միջազգային աջակցություն ստանալ խաղաղության ֆորումի համար:

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբ է, որը պայքարում է կրոնական ազատության և մարդկային արժանապատվության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031