Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ Նախարարների կոմիտեն հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել

Հուլիս 04,2025 17:32

Հունիսի 10–12–ը Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1531–րդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում,  ի թիվս այլ բանաձևերի, կոմիտեն ընդունել է միջանկյալ բանաձև՝ որպես «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռի չկատարման բացառիկ միջոց։

Գործը վերաբերում է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի դաժան և կանխամտածված սպանությանը, և Հայկ Մակուչյանի վրա կատարած մահափորձին։

Բանաձևը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և առանց ուշացման հոգալ դիմումատուների ներկայացուցիչների ծախսերը։ Նախարարների կոմիտեն բանաձևով հորդորում է անհապաղ հաստատել, որ նախագահի աշխատակազմի կայքում տեղադրված՝ հանցագործի ներմանը և ազատ արձակմանը սատարող հրապարակումները հեռացվել են, անհապաղ ապահովել, որ Ռամիլ Սաֆարովն այլևս չզբաղեցնի որևէ պետական պաշտոն։ Բանաձևով կոմիտեն նաև խորին ափսոսանք է հայտնում, որ հանցագործության հեղինակին՝ Սաֆարովին շնորհվել են արտոնություններ, որոնք չունեն իրավական հիմք ներպետական օրենսդրության համաձայն։

«Միջազգային և համեմատական իրավունքի կոնտրոն»-ը ԵԽ Նախարարների կոմիտեին պարբերաբար տեղեկություններ է տրամադրում գործի առնչությամբ՝ ցուցադրելով Ադրբեջանի դատական ակտերը չկատարելու դիտավորյալ միտումը։ Կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի ընտանիքների ներկայացուցիչն է։

Չպատժելով Սաֆարովին՝ Ադրբեջանը պարարտ հող է նախապատրաստել այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են Արցախի դեմ սանձազերծված պատերազմների ժամանակ․ քաղաքացիների և զինվորականների գլխատում, խոշտանգումների բազմաթիվ այլ դեպքեր։ Թեև Ադրբեջանը նշել է, որ Սաֆարովի հանցանքը երբեք չի արդարացվել և նրան երբեք անմեղ չեն համարել, բայց Ադրբեջանում նման գործողությունները միշտ առանց հետաքննության և անպատիժ են մնացել:

Հիշեցնենք, որ 2004թ․ հունվարի 11-ից հայ սպաներ Գուրգեն Մարգարյանը և Հայկ Մակուչյանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի կազմակերպած «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի 3-ամսյա ուսումնական դասընթացների։ Այդ դասընթացներին մասնակցում էին նաև ադրբեջանցիներ, նրանց թվում՝ Ռամիլ Սաֆարովը:

Փետրվարի 19-ի առավոտյան՝ ժամը 5-ին, Սաֆարովը մուտք է գործել հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։ Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին և վզին կացնի 16 հարված է հասցրել։ Բալաշը, ձայներից արթնանալով, գոռգոռացել է և դուրս է վազել սենյակից՝ օգնություն կանչելու։

Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին՝ գնացել է մյուս հայ սպա Մակուչյանի սենյակ, որի դուռը, սակայն, փակ է եղել։ Սաֆարովը գոռացել է Մակուչյանի անունը և պահանջել, որ բացի դուռը։ Մակուչյանի լիտվացի հարևանը թույլ չի տվել բացել այն։ Որոշ ժամանակ հետո հունգարական ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարովին։

Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006թ․ ապրիլին Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։ 2012թ․ օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել հենց նույն օրը, ինչպես նաև  Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից նրան լեյտենանտից մայորի կոչում են տվել։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031