Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս տրակտորիստը հասավ Ազատի կացարան ու քանդեց պատը. ուշագրավ մանրամասներ

Հուլիս 04,2025 19:10

Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստին այսօր հարցաքննված երկրորդ վկան Սուրեն Սիմոնյանն էր՝ տրակտորիստ: Հենց այս վկան է, իր պատմելով՝ տրակտորով հրդեհի մեջ մխրճված կացարանի պատը քանդել, որ փրկի տղաներին: Այս վկայի ցուցմունքը ուշագրավ էր այնքանով, որ նախ նա պնդում էր, որ կացարանը բոցի մեջ թաղված էր, հրդեհը տարածվում էր, մինչդեռ այս գործով մյուս վկաները պատմել են, որ կրակ չի եղել կացարանում, միայն ահավոր ծուխ էր: Սակայն ի պատասխան այսօր փաստաբան Նորիկ Նորիկյանի բոլոր հարցերին, նա մինչեւ վերջ պնդեց, որ կրակն ու բոցը ինքն անձամբ է տեսել:

Այս վկան պատմեց, որ երեկոյան Սոթքի մոտակայքում գտնվող պահեստում է  նստած եղել ու իրիկնադեմին վատ զգացողություն է ունեցել կացարանի տղերքի վերաբերյալ ու որոշել տուն գնալուց առաջ գնալ տղերքին տեսնելու:

Նա պատմեց, որ դեռ ճանապարհից է կացարանի հրդեհը տեսել ու համոզվելով, որ կրակ է, անձամբ զանգել է փրկարարներին: Ինքն էլ դեպքի վայր հասել է 6,5 րոպեում: Տեսել Եղիշե Հակոբյանին ու եւս երկու այրված զինվորի: Ըստ նրա՝ Եղիշեն իրեն դիմելով՝ վազում ու գոռում էր, Սուրո, մի բան արա, ախպերներս վառվում են:  Ինքն էլ իրեն չկորցնելով միանգամից տրակտորի ղեկին է նստել ու մտածել, որ եթե մուտքը կրակի մեջ է, ապա տղերքը կացարանի հետնամասում են, չեն կարողանում առաջ գալ, որ դուրս գան: Եվ հենց այդ մտքով էլ կացարանի հետնամասի պատն է քանդել : Այդ ընթացքում վերեւից ձայն տվել տղերքին, բայց արձագանք չի եղել ու շարունակել քանդման աշխատանքները:

Նրա պատմելով՝ ինքն էլ է դիակների դուրս բերման աշխատանքներին օգնել, պատգարակով դուրս են հանել շտապ օգնության աշխատակիցների հետ: Դիակներ է տեսել ամենուրեք՝ պատի տակ, մահճակալների վրա, ճաղավանդակի մոտ, տարբեր տեղեր էին. «Շինության տանիքը տախտակ, հող ու ցորենի խոտ էր, թափվել էր վերեւից ներքեւ,  մահճակալների վրա էլ կար»:

Դատավարական կողմերը այս վկայի՝ դեպքի վայր գալու մասով այլ տեղեկություններ ունեին, որոնք ուղղեցին հարցի ձեւով նրան: Մասնավորապես, որ ինքը դեպքի վայր է եկել հենց տրակտորով:Սակայն վկան մինչեւ վերջ պնդեց՝ ասելով, որ իր մեքենայով է եկել: Ծնողներից  մեկն էլ արձանագրեց, որ զինծառայողներից Ժիրայրն էլ տրակտոր է վարել ու երբ իրեն հարցրել են, հրդեհը որ տեսել ես, ինչու միանգամից տրակտորով պատը չես քանդել, պատասխանել է՝ տրակտորը դեպքի վայրում չի եղել, տարած են եղել: Սակայն այս վկան մինչեւ վերջ պնդեց, որ ինքը եկել է դեպքի վայր ու տրակտորը այնտեղ է եղել:

Մի ուշագրավ հանգամանք  էլ.  հրդեհի օրը  տրակտորիստը դեպքից առաջ էլ է  Ազատի կացարանում եղել, Եղիշեի ու մյուս տղերքի հետ սրճել: Բայց նույն օրը վերակարգի շուրջ վիճաբանությունից կամ զինծառայողներից Ժիրայրի ծնողների այցելության մասին ոչ լսել, ոչ տեսել է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031