«Մենք ականատես ենք լինում իրավական տեռորի և աբսուրդի»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթի մեկնարկին նախորդած հավաքի ժամանակ հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբանների խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
Սամվել Կարապետյանն իր հայտարարության մեջ հայտնում է այն, ինչ յուրաքանչյուրը կիսում է․ «Սամվել Կարապետյանն ասում է, որ հայ առաքելական մեր սուրբ եկեղեցուն միջամտելն անթույլատրելի է։ Ասում է, որ պետք է պաշտպանենք մեր եկեղեցին մեր ձևով։ Այս հարցազրույցի մեջ կոչ չկա, բայց մեղադրանք է առաջադրվում իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերի համար։ Ստացվում է՝ մենք բոլորս միասին, որ ասում ենք եկեղեցուն պաշտպանում ենք, կոչ ենք անում իշխանություն զավթելուն։ Բա սա աբսուրդ չի՞»։
Արամ Վարդեւանյանը վստահեցրեց՝ այս գործը ոչ բխում է օրենքից, իրավունքից, ոչ էլ որևէ փաստական տվյալից, բայց հունիսի 17-ից Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ՝ ապօրինի կալանքի ռեժիմում․ «Ամեն աբսուրդ, որ ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Ցանկացած իշխանություն անցողիկ է, իսկ հիշողությունը, փաստերը մնայուն են։ Իրավունքը միշտ գերակայում է։ Արդարությունը միշտ գերակայում է, իրավունքի պաշտպանությունը հեշտ ճանապարհ չէ, բայց միշտ գերակայում է իրավունքը։ Համոզված եղեք՝ հայ առաքելական սուրբ եկեղեցուն պաշտպանության խոսք ասելու համար այս հետապնդումն ունենալու է հստակ վերջ։ Արդարությունն էլ հաղթելու է, մենք էլ դրա համար պայքարելու ենք։ Պայքարելու ենք մեր ձևով»։
Կարդացեք նաև
Այս պահին քաղաքացիները երթով գնում են դեպի Նալբանդյան փողոց՝ ԱԱԾ շենք, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանը։ Երթն առաջնորդում են հոգևորականները։ Երթի մասնակիցները բացականչում են․ «Պայքար, պայքար մեր ձևով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ