Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժայինների կամակատար ղեկավարնե′ր, ուզեք-չուզեք արդարությունը վերականգնվելու է»․ Աղվան Վարդանյան

Հուլիս 04,2025 22:03

«Փոքր խմբակը մեր երկրում զավթել է իշխանությունը։ Եվ այստեղ կանգնած յուրաքանչյուրիս ամոթն է, որ դեռ նրանք իշխանություն են։ Ֆորմալ իշխանություն են ոստիկանությունով, ԱԱԾ-ով դատախազով, քննիչով, ստրկամիտ դատավարներով»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Պատգամավորը վստահեցրեց՝ սա ժամանակավոր վիճակ է․ «Եվ այստեղ կանգնած յուրաքանչյուրիս ամոթն է, որ  դրանք դեռ իշխանություն են։ Ֆորմալ իշխանությունն են՝ ոստիկանությամբ, ԱԱԾ-ով, դատախազով, քննիչով, ստրկամիտ դատավորներով։ Իշխանությունը պահելու մոլագար մոլուցքով։

Բայց սա ֆորմալ-ժամանակավոր վիճակ է։ Իրական իշխանությունը դուք եք. հայ ժողովրդի՝ պատիվ, արժեքներ, հիշողություն, հոգի ունեցողների մեծամասնությունը։

Ուժեղ, ազնիվ, կարող մարդիկ բանտարկված են սրանց ցուցումով։ Ուժայինների կամակատար ղեկավարներին եմ ասում՝ ուզեք, թե չուզեք, արդարությունը վերականգնվելու է, եւ դուք կանգնելու եք օրենքի առաջ։

Սիրելի հայրենակիցներ,

Ես այստեղ եմ նաեւ որպես Կարապետյանների ընտանիքի բարեկամ։ Համեմատեք այդ ընտանիքը, այդ գերդաստանը սրանց հետ։ Մուշ-Ալաշկերտից սերող՝ խոսքի տեր, քահանաների, ուսուցիչների ժառանգ, համերաշխ, ուս-ուսի, աշխատող, ստեղծող, ունեցածը տասնյակ հազարավորներին բաշխող բարեգործ, աշխարհում հեղինակություն ունեցող ու մեզ հեղինակություն բերող։

Համեմատեք այս ընտանիքի կրթված, գործունյա երեխաներին սրանց հետ։ Եւ թող մեր ժողովրդի յուրաքանչյուր անդամ որոշի՝ ինքը ո՞ր կողմում է։

Մի օրինակ սրանց ստորության աստիճանից. ՔՊ-ական մի ապուշ ասում է՝ Կարապետյանները ոչ մի զոհվածի ընտանիքի չեն օգնել։ Պարզվում է՝ օգնել են արցախյան երեք պատերազմներում զոհված ու վիրավորված 4 059 ընտանիքի։ Բայց, բնականաբար, առանց այդ մասին բարձրաձայնելու։ Մարդու ու անասունի տարբերություն։

Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանի քաղաքացի, արցախցի, սփյուռքահայ,

Սամվել Կարապետյանը չի կոտրվելու, այս գերդաստանը չի կոտրվելու, թեկուզ ԱԱԾ-ում՝ սրբազանները, մյուս քաղբանտարկյալները չեն կոտրվելու։ Սրանք կոտրվելու են։ Վստահ եղեք։

Մեր խիդիրն է, մեր պարտքն է փոխել վիճակը։ Ուժեղ, ազգային, արարող մարդկանց համախումբ թիմ բերել իշխանության։

Մենք դա անելու ենք։ Ինչպե՞ս։

Հիմա խնդրում եմ՝ ինձ հետ միասին. սկզբում՝ ցածրաձայն, ձեր խորքից, հետո ավելի բարձր, հետո շատ-շատ-շատ բարձր՝ մեր ձեւով, մեր ձեւով, մեր ձեւով։

Մայր աթոռի, Սուրբ Էջմիածնի պղծումը չենք հանդուրժելու, ուժեղ ազնվական հայ մարդկանց բանտարկելը չենք հանդուրժելու, Հայաստանի վրա թույլ, վախկոտ, օտարի ծառա իշխանություն չենք հանդուրժելու։

Հիմա, ինչպես քիչ առաջ արեցինք, միասին։ Բոլորս միասին. շուտով, շուտով, շուտով»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031