Հունիսի 27-ին Երևանի բնակչության մոտ 40 տոկոսը և Աշտարակի մի հատված հոսանքազրկվել էր: Հիշեցնենք, որ այս հոսանքազրկումը զուգադիպեց Մայր Աթոռում տեղի ունեցող հայտնի իրադարձություններին, եւ իշխանամերձ շրջանակների կողմից անմիջապես վերագրվեց ՀԷՑ-ին՝ հոսանքի անջատումը ընդդիմության, այսպես կոչված, «հեղաշրջման պլանի» հետ կապելով, թե իբր ՀԷՑ-ը դիտմամբ է այն անջատել: Սակայն, պարզվում է՝ հոսանքազրկումը եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության տիրույթում: Սակայն ընկերությունն այդպես էլ պաշտոնական պարզաբանում կամ քաղաքացիների իրազեկում չի արել: Մեզ պարզաբանեցին, որ իրազեկման գործառույթ չունեն:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունից Aravot.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ այդ օրը հոսանքազրկումների պատճառը եղել է հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ԲԷՑ ՓԲԸ հաշվեկշռում հաշվառված «Շահումյան-2» ենթակայանում տեղի ունեցած վթարային իրավիճակը, որը տեղայնացվել է հունիսի 27-ին: Ընկերության պարզաբանման մեջ նշված է՝ իրականացվել են հակավթարային վերականգնողական աշխատանքներ, որի ընթացքում Երեւանում և հարակից տարածքներում էլեկտրաէներգիան անջատվել է 7 րոպեով:
Թեեւ ԲԷՑ-ը ընդունեց, որ իրենց տիրույթում է եղել հոսանքազրկումը, սակայն մեղավորության սլաքը կրկին ուղղեց դեպի ՀԷՑ-ը: « Ներկայումս ԲԷՑ ընկերությունը, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, «Հայաստանում էներգետիկ վերափոխման խթանում» արդյունքահեն ծրագրով նախատեսում է մինչև 2029թ-ն իրականացնել «Շահումյան-2» ենթակայանի ամբողջական հիմնանորոգումը, որտեղից իրականացվելու է Երևան քաղաքի կենտրոնական և հարավարևմտյան շրջանների էլեկտրամատակարարումը:
Սակայն հարկ է նշել, որ «Շահումյան-2» ենթակայանի վերակառուցման աշխատանքները սերտորեն կապված են ԲԷՑ ՓԲԸ «Հաղթանակ» ենթակայանում «Կենտրոնական-2» և «Շենգավիթ-1» էլեկտրահաղորդման օդային գծերի մուտք-ելք սխեմայի հավաքակցման հետ, որը կբեռնաթափեր «Շահումյան-2» ենթակայանը, սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից նշված աշխատանքները չեն կատարվել, մինչդեռ պետք է ավարտվեին մինչև 2018թ-ը։ Այս հանգամանքն էլ առաջացնում է խնդիրներ՝ սպառողներին հուսալի էլեկտրամատակարարման ապահովման գործում։ Փաստեմ նաև, որ նշված աշխատանքների չկատարման հետևանքով էր 2023թ-ի նոյեմբերին Կառավարական տուն 1-ի հոսանքի անջատումը։ Միևնույն ժամանակ հարկ է արձանագրել, որ ԲԷՑ ՓԲԸ-ն իրականացնում է էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայություն և բաժանորդներին՝ ֆիզիկական անձանց ու տնտեսվարող սուբյեկտներին էլեկտրաէներգիա մատակարարելու/բաշխելու գործառույթ չունի, ուստի նշված անձանց թե պլանային և թե վթարային անջատումների մասին իրազեկում է ՀԷՑ ՓԲԸ-ն»,- Aravot.am-ին փոխանցեցին ԲԷՑ-ից:
Կարդացեք նաև
ՀԷՑ տնօրենի ժ/պ Դավիթ Ղազինյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց նաեւ ԲԷՑ-ի կողմից իրենց վերագրվող թերացումները:
«Փառք Աստծո, որ վերջապես ընդունեցին, որ այդ հոսանքազրկումը իրենցից է եղել: Հիմա ձեզ ներկայացնեմ իրավիճակը մեր դիսպետչերական մատյաններով: Հունիսի 27-ին 13:54-ին «Շահումյան 2» ենթակայանն անջատվել է: Ենթակայանը երբ անջատվում է, կան բազմաթիվ գծեր ենթակայանից դուրս եկող, առաջին գիծը սկսել են միացնել 14:05-ին: Բայց քանի որ մի քանի գծեր են, վերջին գիծը «Մաշտոց 1, 110» ԲԷՑ-ի կողմից միացվել է 14:30-ին: Այսինքն՝ որ ասում են 7 րոպե հետո միացրել են, իրականում մեր մատյաններով 11 րոպե է: Բայց այստեղ 3-4 րոպեն այդքան էական նշանակություն, կարծում եմ, չունի: Խնդիրն այն է, որ ասում են՝ րոպեների ընթացքում միացրել են, այո՛, միացրել են առաջին գիծը: Բայց վերջին գիծը միացվել է մոտ երեսուն րոպե հետո: Իրենց ենթակայանից դուրս եկող գծերի տակ ունենք ենթակայաններ, որից հետո մենք պետք է նույն գործողությունը կատարենք, ինչը իրենք կատարել են մոտ 40 րոպեի ընթացքում: 14:30-ից սկսած միացրել ենք մեր ենթակայանները, ավարտել ենք 15:26 րոպեին »,- պարզաբանեց պարոն Ղազինյանը:
Ինչ վերաբերում է օդային գծի կառուցմանը, որ ԲԷՑ-ն իր պարզաբանման մեջ էր նշել, թե ՀԷՑ-ը չի կատարել, պարոն Ղազինյանն այսպես արձագանքեց. «2018 թվականին հաշվի առնելով «Շահումյան 2» ենթակայանի ծանրաբեռնվածությունն ու խնդիրները՝ որոշում է կայացվել պատրաստել նախագիծ ու կառուցել «Կենտրոնական 2» եւ «Շենգավիթ 2, 110» կիլովատ գիծ: Այն պետք է անցներ Փարաքար համայնքով, ամբողջ ուղեգիծը 50 մասնավորի հողով պետք է անցներ: ՀԷՑ-ը դիմել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ (ՏԿԵՆ) գերակա շահ ճանաչելու համար, որից հետո նախարարության, ՀԷՑ-իեւ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են 50 մասնավորի հետ, լսումներ են կազմակերպվել: Բայց կտրականապես մերժվել ենք բնակիչների կողմից: Պետությունը, հաշվի առնելով 50 մասնավորի շահ կա, մեզ ասել է, որ առաջարկենք այլ ուղեգիծ, այլ նախագծով: 2-րդ նախագիծը կազմվել է արդեն Երեւանի տարածքով, որն արդեն 3-4 մասնավորի տարածքով պետք է անցներ: Բնակիչների հետ հանդիպեցինք, պահանջեցին մոտ 300-400 միլիոն դրամ:
Մենք դիմել ենք գերակա շահ ճանաչելու համար: ՏԿԵՆ-ը, հաշվի առնելով երեւի թե ֆինանսական ծանրաբեռնվածությունը, առաջարկել է նորից գալ առաջին նախագծին: Նորից դիմել ենք նախարարություն առաջին նախագծով գերակա շահ ճանաչելու համար: Նախարարությունն առաջարկել է գերակա շահ ճանաչել միայն գծի հենասյուների տակի հատվածը, իսկ գիծը՝ որպես սերվիտուտ: Մենք իրավական առարկություններ ենք ներկայացրել, խնդիրներ ենք տեսել այդտեղ, ուղարկել ենք ՏԿԵՆ, որ հնարավոր չէ, պետք է ամբողջ ուղեգիծը գերակա շահ ճանաչվի:
Նախարարությունն ուղարկել է պետական շահագրգիռ մարմիններ՝ կարծիքի, այդ մարմիններից մեկը՝ կադաստրի կոմիտեն, պատասխանել է, որ կառավարության որոշմամբ՝ սերվիտուտ չի կարող ճանաչվել: Այս պահի դրությամբ նախագծերը գտնվում են այս վիճակում: Ունենք եւս երեք գրությունն ՏԿԵն եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հիշեցման կարգով, որ խնդիրը դեռեւս չի լուծվել: Այս ամեն ինչը փաստաթղթավորված է, բանավոր խոսակցություններին չենք անդրադառնում: Այսինքն՝ սլաքները ուղղելով ՀԷՑ-ի դեմ՝ ուղղակի սխալներն ընդունելուց հետո մի հատ այս ամեն ինչը ասելը, իմ կարծիքով, չընդունելու պես բան է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ