Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների և դատական ​​համակարգի կողմից եպիսկոպոսների դեմ ուղղված մեղադրանքները մեզ հավատ չեն ներշնչում․ Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչություն

Հուլիս 05,2025 09:40

Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչության հայտարարությունը

Մենք խորը մտահոգությամբ ենք հետևում Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լուրջ տարաձայնությանը: Ցավով տեղեկացանք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի, այժմ կալանավորված է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել Հայաստանի և ամբողջ աշխարհի հավատացյալներին աղոթել բանտարկյալների և երկրում խաղաղության համար: Մենք՝ որպես Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչություն, նույնպես ցանկանում ենք միանալ այս կոչին և աղոթքին:

Իշխանությունների և դատական ​​համակարգի կողմից եպիսկոպոսների դեմ ուղղված մեղադրանքները մեզ հավատ չեն ներշնչում: Աղոթքի իր կոչում Գարեգին Բ կաթողիկոսը խոսել է անհիմն մեղադրանքների մասին և ձերբակալությունները որակել անօրինական: Մենք խորապես զարմացանք՝ լսելով բարոյական այն զանցանքների մասին, որոնցում վարչապետ Փաշինյանը մեղադրում է Հայաստանի եպիսկոպոսներին, և մասնավորապես՝ Գարեգին Բ կաթողիկոսին:

Մտահոգիչ է այն բառամթերքի կիրառումը, որը հասարակության մեջ պառակտումների աճի է հանգեցնում: Օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների հարգանքը համարում ենք Հայաստանի և նրա ժողովրդի լավ ապագայի հիմնարար գործոններ: Առանց այն էլ երկիրն արդեն իսկ բախվում է լուրջ մարտահրավերների: Մենք պարզապես պետք է մտածենք Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ փախստականների մասին, ովքեր այժմ ստիպված են նոր կյանք կառուցել Հայաստանում, և բոլոր այն հայերի մասին, ովքեր դեռևս գերության մեջ են Ադրբեջանում: Հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ է միասնություն և հասարակական համախմբվածություն:

Այս համատեքստում մենք նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ուշադիր հետևելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և ակտիվորեն պահանջելու մարդու իրավունքների, մասնավորապես՝ կրոնական ազատությունների հարգանքը։

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ինքնության հենասյունը և հոգևոր, սոցիալական ու մշակութային կայունության երաշխավորը, հատկապես այնպիսի ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին էր հայ բնակչության բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից 2023 թվականին։ Մեր հայ քույրերի և եղբայրների հետ համերաշխությամբ աղոթում ենք արդարության, հաշտեցման և Հայաստանում եկեղեցու պաշտպանության համար։

Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031