2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայաթափ եղավ Արցախի հադրութի շրջանը, և հադրութցիները բնակություն հաստատեցին ՀՀ տարբեր մարզերում, Երևանում։ 2021թ․ մարտի 1-ից Երևանում սկսեց գործել «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը, որի խնդիրն է պահպանել Արցախյան մշակույթը, սովորույթները, ավանդույթները, հայրենիքի հուշը։ Վերջերս Կենտրոնի երգարվեստի խմբի սաները փայլուն կատարումներով են հանդես եկել միջազգային բեմերում և վերադարձել տուն առաջին մրցանակներով։
Հուլիսի 4-ին «Դիզակ Արտ»-ը Երևանում՝ Հայաստանի երգի պետական թատրոնի դահլիճում, ներկայացրեց «Արվեստի ճամփորդները» համերգային ծրագիրը։ Մինչ համերգի սկսելը՝ «Դիզակ Արտ»-ի տնօրենության կողմից հնչեց շնորհակալական խոսք իրենց աջակցողների և համագործակցողների հասցեին, ինչպես նաև Հայաստանի երգի պետական թատրոնի անձնակազմին՝ տնօրեն Մանե Գրիգորյանի գլխավորությամբ։ Կարևորվեց կենտրոնի ուսուցիչներ Անուշ Ստեփանյանի, Ռուզաննա Վարդանյանի և Գոհար Ալեքսանյանի նվիրումը, որ իրենց սաները հանդես են գալիս արդեն որպես արհեստավարժ երգիչներ։
Բեմում էին կենտրոնի նույն երգիչ-սաները, ովքեր արտերկրից իրենց հետ բերել էին արվեստի ուժը, հաղթանակի ձայներն ու հպարտությունը։ 7 շնորհալի արդեն երիտասարդներ՝ Սերգեյ Արզումանյան, Իրինա Մկրտչյան, Արման Հայրիյան, Կարինե Ղուկասյան, Անահիտ Արզումանյան, Գևորգ Ստեփանյան, Աննա Շաբուրյան, ովքեր ծնվել ու հասակ էին առնում Արցախի Հադրութի շրջանում, սակայն տեսան պատերազմի սարսափը և հեռացան հայրենի տնից՝ այնտեղ թողնելով մանկության հուշերը, արդեն երգիչ են ու հանդիսատեսին հիացնում են իրենց կատարումներով։ Այսօր նրանց սրտում ապրում է Արցախը որպես հիշողություն և վերադարձի անմար կանթեղ։
Իսկ «Դիզակ Արտ»-ի գործունեության նպատակն է՝ գործել, արարել՝ տունդարձի հավատով։ Համերգին ներկա էին «Դիզակ Արտ»-ի գործադիր տնօրեն Երազիկ Հայրիյան-Ավանեսյանը, ով մինչ պատերազմը, աշխատում էր Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ, հիմնադիրներից Գայանե Բուդաղյանը, Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը, հյուրեր, ծնողներ, կենտրոնի ուսուցիչներ։ Հաղորդավարը ներկայացրեց երգիչներին, ովքեր բեմում հանդես եկան առանձին-առանձին՝ կատարելով հայ և արտերկրի ժամանակակից երգահանների երգեր։
Առաջինը «Ղարաբաղ՝ իմ չքնաղ» երգով, որի հեղինակն է երջանկահիշատակ Արթուր Գրիգորյանը, հանդես եկավ Հադրութի Տումի գյուղում ծնված Սերգեյ Արզումանյանը, ում երազանքն է՝ երգիչ-դերասան դառնալ։ Իսկ Հադրութ քաղաքում ծնված Արման Հայրիյանի երազանքն է՝ աշխարհահռչակ երգիչ դառնալ ու մի օր էլ Հադրութի հրապարակում երգել։ Արմանը սիրում է խոսել հայրենի բարբառով ու սիրով կատարեց Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» երգը։ Հադրութի մելիքանիստ Տող գյուղում ծնված Աննա Շաբուրյանը նույնպես նպատակ ունի ճանաչված երգիչ դառնալ։ Տարբեր մրցույթների մասնակից ու հաղթող է և համերգի ընթացքում կատարեց Ադելի երգերից։ Համերգի վերջում միասին կատարեցին Ավետ Բարսեղյանի խոսքերով և Կարեն Սևակի երաժշտությամբ գրված «Լավ օրերը հետ կգան» երգը, որը նաև տունդարձի հավատ է ներշնչում․
«Լավ օրերը հետ կգան, և մարդիկ նորից ձեռքով բարև կտան․․․»։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ