«Միգրեն ունեմ, տանն էի, երբ հերթական նոպան բռնեց։ Մշտապես դեղ պիտի խմեմ, բայց սոցիալական ծանր իրավիճակում էի, փող չունեի, որ բժշկի նշանակածը առնեի։ Ու էդ պահին հիշեցի բանտը․ ասի՝ տեր Աստված, երանի այնտեղ լինեի, փրկեին ինձ։ Մի պահ թվաց, որ օրը ցերեկով կմահանամ»,-ասում է Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմինե Միրզոյանը։
Ցավով է նշում, որ էլի անազատության մեջ է, բայց վստահ է, որ գոնե կալանավայրում նրան անհրաժեշտ դեղամիջոցները կտան։ «24 ժամ հերթապահում են, երբ կանչում ենք՝ հաշված րոպեների ընթացքում բուժաշխատողները կողքս են»,-ասում է Արմինեն։
Ազատության մեջ համարյա բժշկի չի գնացել․ հնարավորություն չուներ։ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հետազոտվել է, նույնիսկ պետպատվերի շրջանակում վիրահատվել։ Իր բախտակից ընկերուհու միտքը շարունակում է Անի Մինասյանը։ «Բանտում հետազոտեցին, պարզվեց, որ անհապաղ պետք է վիրահատվեմ։ Ճիշտ է, պլանային էր, հերթս եկավ՝ վիրահատեցին։ Գոհ եմ այստեղի բժիշկներից»,-նշեց Անին։
Կարդացեք նաև
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանման ղեկավարից բացի, ցերեկային ժամերին պարտադիր աշխատանքի են լինում բժիշկ-գինեկոլոգը, ատամնաբույժը, հոգեբույժը, ցերեկային բուժքույրը։ Իսկ շուրջօրյա աշխատում են 4 բուժքույր։ «Անհրաժեշտության դեպքում «Շտապ օգնություն» են կանչում։ Նախկինում անգամ մահամերձ լինելու դեպքում՝ չէին կանչում, ծանոթով էր։ Վերջին երեք -չորս տարում շատ բան է փոխվել»,-մեզ հետ զրույցում նշեցին պատիժ կրող կանայք։
Եթե ազատազրկված կանայք դժգոհ չեն բանտային մատուցվող բուժծառայությունից, ապա տարբեր քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող տղամարդիկ դժգոհում են։ «Գիշերը բժիշկ ես կանչում, մեկուկես-երկու ժամ է անցնում՝ հազիվ տեղ են հասնում»,-բողոքեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից մասամբ են համաձայն բողոքի հետ։ ՊՈԱԿ-ի պատասխանատուները հերքում են, որ ահազանգից հետո երկու ժամում են հասնում տվյալ ազատազրկվածի խուց։ «Կոնկրետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքը 5 հարկ ունի, բուժմասը առանձին մասնաշենքում է։ Ու մինչեւ հերթապահ բուժաշխատողը հասնի ահազանգող պատիժ կրող անձին, հնարավոր է 20-25 րոպե տեւի։ Չմոռանանք, որ եթե բուժաշխատողն այդ պահին այլ անձի է բուժօգնություն ցույց տալիս, ապա այդ տեւողությունը կարող է տեւել 40 րոպե»,-մեր հարցմանը ի պատասխան տեղեկացրին ՊՈԱԿ-ից։
Ազատազրկված անձանց կյանքին սպառնացող վտանգների դեպքում անմիջապես «Շտապ օգնություն» է կանչվում։ Սակայն մեզ հետ ունեցած զրույցում մի քանի ՔԿՀ-ներում (մասնավորապես «Նուբարաշեն», «Վարդաշեն» ) պատիժ կրող անձինք նշեցին, որ շատ հազվադեպ են կանչում «Շտապ օգնություն»։ «Սկորին էլ գալիս է՝ ասում է տանում ենք Էրեբունիի հիվանդանոց, ասում եմ չէ՝ ախպեր ջան, իմ բժիշկն աշխատում է «Նաիրի» ԲԿ-ում, չեն էլ ամաչում՝ ասում են այդ դեպքում վճարեք»,-ասաց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը։ Իր նախընտրած բժշկի աշխատավայր հասցնելու համար էլ գումար են պահանջել «Վարդաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող անձանցից մեկը, որը վճարել էր անհրաժեշտ գումարը։ «Մինչեւ մահամերձ չես լինում՝ սկորի չեն կանչում»,-նշեց նա, որը չցանկացավ հրապարակել անունը։
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման ու հասարակայնության բաժնի պետ Նաիրա Բաբայանի խոսքով՝ ««շտապ օգնության» աշխատակիցները ամաչելու խնդիր չունեն ու վճարն էլ օրենքով սահմանված է։
«Շտապ օգնության» բժիշկն է որոշում՝ թե որտեղ տանի տվյալ բուժառուին։ Օրենսդրությամբ կարգավորում է, որ բուժառուին պիտի տանեն տարածքային առումով մոտիկ հիվանդանոց։ Սա տրամաբանական է, եթե կյանքին վտանգ է սպառնում ու «շտապ օգնություն» ես կանչում «Նուբարաշեն» ՔԿՀ, ապա պետք է տանի մոտակայքում գտնվող «Էրեբունի» ԲԿ, ոչ թե «Արմենիա»։ Եթե ճանապարհին հիվանդը մահանա, ապա «շտապ օգնության» բժիշկն է պատասխան տալիս»,-նշեց տիկին Բաբայանը։ Օրենսդրությամբ նույնպես կարգավորված է այլ հիվանդանոց տեղափոխելու նորմը։
«Եթե հիվանդը ցանկանում է իրեն տանեն իր նախընտրած բժշկի մոտ կամ այլ հիվանդանոց, ապա պետք է ճանապարհի համար վճարի։ Կապ չունի, որ դու պատիժ կրող անձ ես, պետպատվերի շրջանակում դա նախատեսված չի»,-նշեց ՊՈԱԿ-ի պատասխանատուն։
Նաիրա Բաբայանի խոսքով՝ եթե կյանքին սպառնացող վտանգ չունի պատիժ կրող անձը, ունի առողջական խնդիր եւ ուզում է վիրահատվել իր նախընտրած բժշկի մոտ, ապա դա պլանային վիրահատություն է, որի համար պիտի նա վճարի։ «Այս դեպքում՝անհրաժեշտ է բժշկի ցուցումը, եւ բուժառուին հիվանդանոց է տանում տվյալ ՔԿՀ-ի ուղեկցող խումբը»,-իր խոսքը եզրափակեց Ն․ Բաբայանը։
Լուսանկարներն ու անունները հրապարակվում են պատիժ կրող անձանց համաձայնությամբ
Գլխավոր լուսանկարում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի « Նուբարաշեն» ՔԿՀ-ի ստորաբաժանում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ