Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Նախերգանք» համերգային ծրագրով՝ հուլիսի 4-ից մեկնարկեց Կապան ֆեստը՝ Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Աննախադեպ երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ հանրահայտ երաժիշտների կատարմամբ։ Փառատոնը կավարտվի հուլիսի 15-ին՝ «Սիմֆոնիկ և կոնցերտներ» համերգային ծրագրով։
Փառատոնի հատուկ հյուրն է աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխը, որը հուլիսի 12-ին հանդես կգա «Մարթա Արգերիխ և ընկերներ» ծրագրով։ Փառատոնի ընթացքում բեմում կլինեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Մարիան Պետրեսկուն, Արթուրո Սոլարը, Ֆրանչեսկո Վիլան, Դոնգ-Հյեկ Լիմը, Լիդա Չեն Արգերիխը, Դամիեն Դարիոլին, Իդո Բար-Շայը, Ժան-Մարի Պարեյրը և ուրիշները։ Հուլիսի 14-ին և փառատոնի փակման օրը՝ հուլիսի 15-ին, նախատեսվում են Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները՝ Մարթա Արգերիխի և այլ հռչակավոր երաժիշտների մասնակցությամբ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունեց փառատոնի բացումը և շեշտեց, որ մշակույթի ապակենտրոնացումը ՀՀ կառավարության համար առաջնային օրակարգային հարց է։ Նա նշեց․ «Կապանի փառատոնը կարելի է արդեն համարել չափահաս, քանի որ երրորդ տարին անընդմեջ իրականացվելով, այն արդեն կայացել է և հասցրել է իր հատուկ տեղը գրավել Հայաստանի մշակութային կյանքում»։
Կարդացեք նաև
Փառատոնի գլխավոր նպատակներն են մշակույթի հասանելիությունը և ներառականությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ կրող երկիր, երաժշտական կրթության առաջխաղացումը, հայկական մշակույթի հանրահռչակումը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը և փոխանցումը։
«Կապան ֆեստ 2025»-ի առանձնահատկություններից են նաև Կապանի պետական արվեստի քոլեջի Երգեհոնի դահլիճում անցկացվող ամենօրյա համերգները և վարպետության դասերը՝ ավելի քան 50 ընտրված երիտասարդ երաժիշտների համար, որոնք կժամանեն Հայաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև Դանիայից, Սլովակիայից, Պորտուգալիայից։ Վարպետության դասերին կմասնակցեն նաև Կապանում բնակվող ու երաժշտությամբ զբաղվող երիտասարդներ։
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի գնահատմամբ․ «Արդեն երրորդ տարին անցկացվող այս փառատոնը հիրավի վերածվել է երաժշտական մեծ տոնախմբության, որն իր շուրջն է հավաքում բարձրակարգ երաժիշտների՝ աշխարհի տարբեր երկրներից՝ ներգրավելով երիտասարդ տաղանդավոր կատարողների Հայաստանի տարբեր մարզերից։ Բացի այդ, այն նաև բացառիկ կրթական հնարավորություն է ընձեռում կապանցի երաժիշտներին և երաժշտական դպրոցի սաներին՝ համաշխարհային փորձ ունեցող արտիստների հետ տեղում շփվելու, փորձ և գիտելիքներ փոխանակելու, ինչպես նաև արժեքավոր մասնագիտական կապեր հաստատելու համար»։
«Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունն արդեն երկրորդ անգամ Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ Ֆլորիան Լեոնարդը՝ Լոնդոնից։
Փառատոնն առաջին անգամ հուլիսի 10-ին հանդիսատեսին կներկայանա նաև էլեկտրոնային երաժշտության համերգով՝ համաշխարհային ճանաչում ունեցող բազմագործիքավորող Ֆիլիպ Յոհան Թիմի կատարմամբ ։ Հուլիսի 8-ին ջազի սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրել «Կատաղի ջազ» համերգային ծրագիրը՝ Մարիան Պետրեսկուի, Հարութ Հարությունյանի և Նիկողայոս Վարդանյանի կատարմամբ, իսկ հուլիսի 13-ին՝ «All that jazz”» համերգային ծրագիրը՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում։
Փառատոնը շարունակում է համագործակցել Հայկ Կազազյանի, Մարիաննա Շիրինյանի, Ժյուլիեն Լիբերի, Անդրեյ Գրիդչուկի, Աննա Սարկիսովայի, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանի, Ուրսուլա ֆոն Լերբեր-Էրբսլոհի, Էլլի Սուի, Հրաչյա Ավանեսյանի, Արմեն Նազարյանի, Արմեն Քարամյանի, Նորայր Քարտաշյանի, Տիգրան Սուչյանի, Նարեկ Ավագյանի և այլ անվանի երաժիշտների հետ՝ Հայաստանից և արտասահմանից։ Այս տարի «Կապան ֆեստ»-ը կրկին կհյուրընկալի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին,որն իր գեղարվեստական ընտանիքում կընդունի հայտնի հայ արտիստներ Աստղիկ Սիրանոսյանին, Ռուզան Մանթաշյանին և Միքայել Ոսկանյանին։
«Կապան ֆեստ 2025»-ի համերգները կկայանան Կապանի պետական արվեստի քոլեջի Երգեհոնի դահլիճում ամեն երեկո՝ ժամը 20։00-ին։ Բոլոր համերգներին մուտքը հանդիսատեսի համար ազատ է։
«Կապան Ֆեստ 2025»-ի գլխավոր գործընկերը Կապանի համայնքապետարանն է, իսկ աջակիցների թվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀԲԸՄ Ֆրանսիան, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Բելգիայի Թագավորության, Շվեյցարիայի ու Արգենտինայի դեսպանատները, «Պիրաստրո» ընկերությունը, «Ամարասի արվեստի դաշինքը», Համազգայինի արևելյան շրջանը, Արսլանյան հիմնադրամը, Գյոթեի ինստիտուտը, Ամերիաբանկը, ինչպես նաև MG Concerts, Karas Wines, Gurkha Cigar, GG և Enterprise Rent-a-Car ընկերությունները, բարերարներ Թոմաս Վանգը և Ռեջինա Սըրը և փառատոնի բազմաթիվ այլ բարեկամները։
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ