ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՆԱՄԱԿ ԵՆ ԳՐԵԼ ՆԻԿՈԼԻՆ
«Պայծառափայլ տեր, մենք մի խումբ խեղճուկրակ գործարարներ ենք Հայաստանից, սփյուռքից, այսուայնտեղից:
Այսահարված ենք հայաստանյան վերջին իրադարձություններից: ԱԱԾ-ի պադվալ եք նետել Ազգային Մեծ Բարերար Սամվել Կարապետյանին: Փառք Աստծո, այդ արեցիք առանց ասֆալտին փռելու:
Իսկ ի՞նչ երաշխիք, որ վաղն էլ մենք չենք հայտնվի նույն ծակուռում: Բա որ այս անգամ չմոռանաք մեզ ասֆալտին փռե՞լ: Մեր՝ արյուն-քրտինքով ձեռքբերած բիզնեսները չե՞ն խլվի Ձեր արդար կամոք:
Կարդացեք նաև
Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը: Տղա է, էլի, միամտաբար ասել է՝ «Մենք մեր ձևով»:
Հո չէ՞ր ասել՝ «Մենք մեր ձևով կդոմփենք»:
Թեև, ո՞վ գիտե, այդ ժամանակ Նա դառնար ձեր աչքի լույսը…
Չենք հասկանում՝ ի՞նչ բառեր օգտագործենք, որ չարժանանանք ձեր արդար զայրույթին ու վսեմակտրուկ գործողություններին:
Մենք լավ գիտենք, որ նախորդ դարում՝ Թուրքիայում, հիմա՝ մեր դարում՝ Հայաստանում, արգելվել ու արգելվում է արտասանել, անգամ մտքի ծայրով անցկացնել Արցախ, Հայրենիք, Ազատություն, Արարատ, Սահմանադրություն, Արդարություն, Խոսքի իրավունք և նմանազան ախտածին այլ բառեր ու դրանցով կազմված նախադասություններ:
Վսեմաշուք տեր, մենք չենք էլ օգտագործում:
Մենք սիրով ենք օգտագործում ձեր բառապաշարի զարդարագույն բառերն ու արտահայտությունները, դրանք դարձրել ենք մեր կյանքի ու առօրյայի անբաժանելի մաս, դրանցով ենք կրթում մեր զավակներին: Հիշենք թեկուզ ասույթի ուժ ունեցող ու խնկարկման արժանի ձեր ոսկեղենիկ խոսքերից մի քանիսը՝ կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ, պատերով կտամ, ասֆալտին կփռեմ, ձեններդ կտրեք, կռիշը տարածներ, էշ, ոջիլ, չագուչ, համբալ, մեր եկեղեցիները չուլաններ են, Գառնու տաճարը հավաբուն է, Քարահունջի աստղադիտարանը՝ ռագատկի քար, Շուշին դժգույն քաղաք է, զզվեցրիք, վերջապես, ձեր պատմական Հայաստանով…
Մենք չենք կարող բոլորը մեջբերել: Դրանք մի ողջ բառարան կկազմեն:
Բայց, այ, մենք չենք օգտագործում ժողովրդի մեջ շրջանառվող և օրեցօր ավելի ու ավելի շատ օգտագործվող բառամթերքը, որոնք, իհարկե, հիմա ամոթով ենք ներկայացնում ձեզ: Ժողովուրդը համարձակվում է ձեր մասին բարբառել՝ նիկոլ, դավաճան, անկիրթ, անհայրենիք, հայրենադավ, տգետ, ստոր, թրքահաճո, տկարամիտ, զավզակ, կամազուրկ, ճըղճըղ, վիժվածք, նեռ, փաշօղլի, թուրքի գործակալ, դատարկաբան, մի տես է՜՝ անգամ՝ կոլաբորանտ, դիկտատոր, մարտնչող տգետ, պիղծ, խտացրած կաթով տոլմա փաթաթող, երկրի գլխավոր գժապետ, գերագույն մսխող և այլն, և այլն, և այլն… Հսկա հատոր… Երանի չէ՞ր լինի՝ ժողովուրդը մի բերան ունենար՝ ցխլեիր, գնար…
Այս ամենը մենք մեջբերեցինք միայն հիշողության կարգով, ու անմիջապես մոռացանք… Էլ չենք հիշում:
Միայն թե դու, ով առաջնորդներից մեծագույնը և առաջնորդների առաջնորդը, խաղաղության խաչասեռումի հետ միաժամանակ, արագ հնարիր, ստեղծիր նոր բառեր ու արտահայտություններ, երկնիր նոր արհավիրքներ, որ ետ չմնաս ժողովրդից, ու մենք կհետևենք մեր ձերն մեծություն վարչապետին:
Որովհետև մենք լավ ենք հասկանում, որ ամեն իշխանություն անցողիկ է, միայն ձեր իշխանությունն է անանցողիկ: Որովհետև՝ թեև այս աշխարհն ի սկզբանե ունայն ու անիմաստ է, միայն դուք եք, որ իմաստ եք հաղորդում մեր դատարկ ու ունայն կյանքին:
Ասա, ի՞նչ բառեր օգտագործենք, ի՞նչ չօգտագործենք, որ միշտ արժանի լինենք ձերդ ողորմածությանը…
Ինքնահոսի մի թողեք մեր խնդրանքը, դուխով շարունակեք: Դու չշարունակես «Դուխով», կստիպես, որ մյուսները դուխով սկսեն «Իրենց ձևը»…
Եվ ուրեմն, մի կարևոր արձանագրում էլ անենք /դուք շատ եք սիրում արձանագրումներ անել/՝ Դուք եք երկրիս միակ իրավացին (ՉԷ՜, ՄԵՆՔ ՉԵՆՔ ԱՍՈՒՄ՝ ԳԼԽԱՎՈՐ ԱՆԻՐԱՎԸ): Այո, իրավացին: Դե, ուրեմն՝ անվարան առա՜ջ… Քանզի «Ժողովուրդը» (նկատի ունենք՝ ժեխը, որ քո սիրած բառերից է) իր իշխանության մեջ տեսնում է թե՛ ձեր և թե՛ իր արտապատկերը…
Հարգանքներով իսկական՝
Մի խումբ գործարարներ այսուայնտեղից/10000 ստորագրություն/
Այս հուզիչ նամակը ձեռքն ընկավ՝
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆԻ
Լրագրող, գրող, երգիծաբան