Վրաստանի տարածքում շարունակում են կուտակված մնալ հայկական կոնյակով բեռնված բեռնատարները, կոնյակի արտահանման խնդիրը չի լուծվել։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ Մարսել Այվազյանը։
Նշենք, որ ապրիլ ամսից Վրաստանի տարածքում խնդիրներ են առաջացել հայկական կոնյակի արտահանման հարցով։ Վրացական կողմը կանգնեցնում է հայկական բեռնատարները, լրացուցիչ փորձաքննության ենթարկում կոնյակն ու գինին։ Կոնյակագործներն ու արտահանողներն ահազանգում են, որ վրացական կողմը՝ որպես տարանցիկ երկիր, իրավունք չունի խոչընդոտել Վերին Լարսի անցակետով հայկական կոնյակի արտահանումը դեպի ՌԴ։ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նախ ասել էր, թե հայկական կողմի համար անհասկանալի են պատճառները, թե ինչո՞ւ է վրացական կողմը նման վարքագիծ դրսեւորում։ Այնուհետեւ, Պապոյանն ասել էր՝ վրացական կողմն ասում է՝ հայկական կոնյակի մի մասը կոնյակ չէ, դրա համար են լրացուցիչ փորձաքննության ենթարկում։ Իսկ հունիսի վերջին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը եւ Գեւորգ Պապոյանը մեկնել էին Վրաստան՝ խնդիրը քննարկելու նպատակով։ Այցիցի հետո Գեւորգ Պապոյանը պարբերաբար տեղեկատվություն է հաղորդում, թե կոնյակով բեռնված որքան մեքենա է հատում վրաց-ռուսական սահմանը։
Օրերս Պապոյանը տեղեկացրել էր, որ հունիսի 1-29 ժամանակահատվածում վրաց-ռուսական սահմանը հատել եւ ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որից 19-ը՝ վերջին 3 օրերին։ Նա տեղեկացրել էր, որ Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության համաժողովի շրջանակներում, հանդիպել է Վրաստանի Գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի նախարար Դավիդ Սոնգուլաշվիլիի հետ եւ եւս մեկ անգամ քննարկել Վրաստանի տարածքով կոնյակի տարանցման հարցը, մասնավորապես, գործընթացի արագացման հնարավորությունները։
Իսկ արտահանողները շարունակում են ահազանգել, որ խնդիրը չի լուծվել։ Մարսել Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նույն խնդիրները դեռ կան։ «Կոնյակը մտցնում են ստուգման, մեքենաները ամսով պահում են՝ անունը դնելով, թե կոնյակը ստուգում են։ Բայց, եթե տրանզիտ երկիր է, իրավունք չունի ստուգելու։ Այսինքն՝ ոչ մի բան էլ չի կարգավորվել, իրենք կուտակում-կուտակում են, ինչ-որ քանակ բաց են թողնում, որ կարողանան նոր մեքենաներ կանգնեցնել, նորից զննում իրականացնել»,- նշեց Մարսել Այվազյանը։
Կարդացեք նաև
Բեռնափոխադրող ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին Վերին Լարսում դարձյալ կուտակումներ են։ Ռուսաստանից դեպի Վրաստանի ու Հայաստանի ուղղությամբ նույնպես կուտակումներ կան՝ արդեն մոտ 2200 մեքենա է հերթում սպասում։ Թե քանի հայկական մեքենան կա հերթում, դժվար է ասել։ Ըստ Քոլոյանի՝ հերթը պայմանավորված է հանգստյան սեզոնով՝ մարդատար մեքենաների թիվը ավելացել է, իսկ անցակետում առաջնահերթությունը տալիս են մարդատարներին, բեռնատարների համար էլ մեկ գիծ է աշխատում, թողունակությունը շատ քիչ է։
Վարուժան Քոլյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ այս օրերին Վրաստանի տարածքում հայկական կոնյակից բացի, խնդիրներ կան նաեւ ձկան արտահանման հարցում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ