Կապանի մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Աստղիկ Գրիգորյանը շտապում է Կապանի արվեստի քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճ՝ մասնակցելու Կապանի երաժշտական միջազգային փառատոնին՝ «Կապան Ֆեստ»-ի հանդիսավոր բացմանը։ Նախատեսված ժամից շուտ է եկել, որպեսզի շփվի արդեն նրա ընկեր դարձած աշխարհահռչակ երաժիշտների հետ։ «Փառատոնը ակադեմիական անվանումն է, ըստ իս, սա հավաքույթ է՝ հանճարեղ ու լավագույն երաժիշտների։ Այո՛, նրանք արդեն իմ ընկերներ են, որոնց սպասում եմ ամեն տարի»,-ասաց Աստղիկը։
Կապանի երաժշտական միջազգային փառատոնը հիմնադրել է ծննդով կապանցի, Բելգիայում բնակվող թավջութակահար Սեւակ Ավանեսյանը։ Այն անցկացվում է երրորդ տարին, իսկ փառատոնի ամիսն անփոփոխ է՝ հուլիս։ Երկու տարի է, որ «Կապանի Ֆեստ»-ին աջակցում է կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը։ Աջակիցների թվում է նաեւ Կապանի համայնքապետարանը։ Իսկ Սյունիքում տեղի ունեցող այս մեծ փառատոնին չէր կարող անմասն մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն փառատոնի հիմնադրման առաջին իսկ օրվանից «Կապան Ֆեստ»-ի կողքին է։
Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը փառատոնն արդեն չափահաս ու կայացած է համարում։ Երեք բաղադրիչ է առանձնացնում, ու իհարկե, չի կասկածում, որ Կապանն առաջիկա օրերին Հայաստանի մշակութային կենտրոնն է լինելու։ Համոզված է՝ աշխարհահռչակ երաժիշտները Հայաստան գալուց, նաեւ իրենք են փորձառություն վերցնում հայերից։
Կարդացեք նաև
«Այս փառատոնը մեր օրակարգային միջոցառումներից է, որովհետեւ ունի մի քանի բաղադրիչ, որոնք մշակութային ու կրթության ռազմավարության մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում։ Առաջինը միջազգային բաղադրիչն է, երկրորդը՝ կրթա-մշակութային եւ վերջապես մարզային բաղադրիչ, որը մարզում կյանքը դարձնում է հետաքրքիր, բերում է լավագույն մասնագետներ արտասահմանից, եւ համախմբում երիտասարդներին»,-փառատոնի հանդիսավոր բացմանը նշեց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։
Երեք տարվա մեջ փառատոնը ապացուցել է իր կենսունակությունը եւ դարձել Կապանի մշակութային օրացույցի կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ ասում է Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ «Ի սկզբանե մի քանի նպատակ էինք դրել փառատոնի կազմակերպման հիմքում։ Ուզում եմ կարեւորել այն, որ բավականին լուրջ ազդեցություն է թողնում մշակույթի զարգացման վրա, մեծ ազդեցություն է թողել նաեւ երաժշտության բնագավառում՝ կրթության զարգացման ուղղությամբ։ 2024–2025 ուսումնական տարում մեր քաղաքի արվեստի եւ երաժշտական դպրոցներում արձանագրվել է աննախադեպ թվով դիմորդների ընդունելություն։ Նաեւ քիչ կարեւոր հանգամանք չէ այն, որ փառատոնը Կապանը ճանաչելի է դարձրել աշխարհում»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Գեւորգ Փարսյանը։
«Կապան Ֆեստ»-ի հիմնադիր Սեւակ Ավանեսյանը հուզված էր ու խառը՝ կազմակերպչական հարցերով։ Թերեւս սա էր պատճառը, որ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Փոխարենը խորհուրդ տվեց զրուցել երիտասարդ երաժիշտների հետ, որոնք պիտի ելույթ ունենան փառատոնի օրերին։
Դասական կիթառահար Էդուարդ Հրմուշյանը Սան Ֆրանցիսկոյից է, Կապանի մասին լսել էր ծնողներից ու ընկերներից։ Չի զարմանում, որ այն անց է կացվում հեռավոր Սյունիքում։ «Կներկայացնենք տարբեր ծրագրեր ոչ միայն դասական սոլո-կիթառ, այլ համագործակցություն ուրիշ գործիքների հետ՝ ջութակ, թավջութակ, որովհետեւ կան բազմաթիվ գրված գործեր՝ կիթառի ու տարբեր գործիքների համար։ Մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ եկել եմ այստեղ ցույց տալու դասական կիթառի երաժշտությունը՝ հայի մատուցմամբ», -նշեց Էդուարդ Հրմուշյանը։
Առաջիկա 12 օրերին Կապանում կլինեն աշխարհահռչակ Մարիան Պետրեսկուն, Արթուրո Սոլարը, Թեոդոսիա Նտոկուն, Ֆրանչեսկո Վիլան, Դոնգ-Հյեկ Լիմը, Լիդա Չեն Արգերիխը, Դամիեն Դարիոլին, Իդո Բար-Շայը, Ժան-Մարի Պարեյրը։ «Կապան Ֆեստի» այս տարվա կարեւոր իրադարձություններից է լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր, 85-ամյա Մարթա Արգերիխի ելույթը։ «Կապան ֆեստ»-ում արտասահմանցի երաժիշտներից բացի, ելույթ կունենան Հայկ Կազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Աննա Սարկիսովան, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանը, , Հրաչյա Ավանեսյանը, Արմեն Նազարյանը, Արմեն Քարամյանը, Նորայր Քարտաշյանը, Տիգրան Սուչյանը, Նարեկ Ավագյանը եւ ուրիշներ։ Այս անգամ եւս փառատոնը կհյուրընկալի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ հայտնի հայ արտիստներ Աստղիկ Սիրանոսյանին, Ռուզան Մանթաշյանին, Միքայել Ոսկանյանին։
Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն վարպետաց դասեր, կապանցի պատանի երաժիշտները կնվագեն ճանաչված երաժիշտների հետ։ Միաժամանակ, այս տարի վերանորոգվել է քաղաքի երաժշտական կրթօջախների 10 դաշնամուր, իսկ կապանցի երեխաներին նվիրելու են 50 լարային գործիք։ Այս տարի եւս փառատոնի օրերին կգործի 18-րդ դարի լարային գործիքների, այդ թվում՝ Ստրադիվարիուսի եւ Գվարների դել Ջեզուի ջութակների ցուցահանդեսը։
Կապանի երաժշտական միջազգային 3-րդ փառատոնի հանդիսավոր բացման բացելու պատիվը տրված էր թավջութակահար Ֆրանցիսկո Վիլլային, որը կատարեց Գասպար Կասադոյի «Սոլո սուիտ» ստեղծագործությունը։ Թավջութակահարն առաջին անգամ է Հայաստանում։ Հետո հնչեցին Մոցարտի, Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի, Վերդի Տրավիատայի ստեղծագործությունները՝ Նարեկ Ավագյանի, Կարեն Շահգալդյանի, Անդրեյ Գրիդչուկի, Աննա Սարկիսովայի, առաջին անգամ Կապանում գտնվող Աստղիկ Սիրանոսյանի, Քրիսթիան Փափազյանի, Ռուզան Մանթաշյանի, Դամիեն Պարիոլիի եւ Ժան Մարի Պարեյրի կատարմամբ։
«Կապան Ֆեստ»-ի երկրորդ օրվա երեկոն վերնագրված էր «Կլարայից՝ տանգո»։ Բեմահարթակում էին Արմեն Քարամյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Ֆրանցիսկո Վիլան (թավջութակ), Աննա Սարկիսովան (դաշնամուր), Հրաչյա Ավանեսյանը (ջութակ), Անդրեյ Գրիդչուկը (ալտ) եւ Աստղիկ Սիրանոսյանը ( թավջութակ):
Ի դեպ նկատենք, որ փառատոնի անցած երկու օրերին Կապանի արվեստի քոլեջի դահլիճը լեփլեցուն էր։ Հանդիսատեսների մեջ էր նաեւ Հայաստանում Չեխիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ