«Առավոտի» հետ զրույցում արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանն անդրադարձավ օկուպացված Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովին եւ դրանում հնչած ուղերձներին։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահը եւս այցելել էր օկուպացված Արցախ։
Դավիթ Կարաբեկյանի խոսքով՝ Ադրբեջանը այս քայլով ցույց է տալիս, որ ինքն է այդ տարածքների լիիրավ տերը։ «Այնուհետեւ Ալիեւն ուղերձով դիմեց Դոնալդ Թրամփին՝ խոսելով այն մասին, որ իրենք պատրաստվում են տարածաշրջանային տարանցիկ ճանապարհների բացմանը եւ Արցախը վերաբնակեցնում են։ Արդեն 16 բնակավայր բնակեցրել են Արցախում։ Այսինքն՝ սա ունի եւ գլոբալ, եւ տարածաշրջանային բնույթ ու մի քանի մեսիջ է պարունակում իր մեջ։ Առաջին մեսիջն այն է, որ սա պատասխան էր Ռուսաստանին, նաեւ ԱՄՆ-ին։ Այսպիսի մի բան էլ կա, որ առաջին անգամ սյունի եւ շիա աշխարհի ամենաազդեցիկ երկրները հանդիպեցին միմյանց հետ։ Սա այն պրոցեսների նմանակումն է, երբ Բրիտանական կայսրությունը փորձում էր իր նախկին ազդեցության գոտում, իր նախկին գաղութներում որեւէ խոշորամասշտաբ քաղաքական վերադասավորում անցկացնել։ Եվ վարկածս այն է, որ կարծես թե Իրանն ու պարսկալեզու աշխարհն այդ հարթակում ընդհանուր հարցերի շուրջ որոշակի համաձայնությունների են փորձելու գալ թուրքալեզու աշխարհի հետ»,- ասաց նա։
Կարաբեկյանի խոսքով՝ Թուրքիան, որը հաշտատարի դերում էր հանդես գալիս, արդեն բավականին կոշտ բարձրացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Նույնն անում է Ադրբեջանը, որն արդեն վերջնագրի լեզվով է խոսում։ Եվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք ճանապարհ տրամադրել, բացել խաղաղ միջանցք, ըստ Դավիթ Կարաբեկյանի, մի քայլ է, որը «օդում կրակոց է»։ Հակառակ կողմը չի արձագանքում այդ հայտարարություններին։ «Կարծես թե աշխարհը ոչ թե փորձում է քննարկել մեր առաջ քաշած ծրագրերը, «խաղաղության խաչմերուկը», ոչ թե թուրքերն ու ադրբեջանցիները մեր համաձայնությունն է փնտրելու, այլ իրենք վերջնագիր են ներկայացնելու։ Եվ ինձ թվում է, թե իրենք դրդում են լարվածության աճի, էսկալացիայի, որին մենք բացահայտորեն պատրաստ չենք։ Փաստորեն Թուրքիան, թեկուզ հաշտարարի դիրքում էր հանդես գալիս, միշտ հանդես էր գալիս որպես Արեւմուտքի կամակատարը տարածաշրջանում, բայց հիմա ինքը ոչ միայն Ադրբեջանի ձեռքով է այդ կտրուկ քայլերն իրականացնում, այլ նաեւ որոշ տեղեր ինքը եւս իր տոնը փոխում է։ Եվ արդեն իր տոնի մեջ ոչ թե կառուցողական տարր կա, այլ ավելի շուտ սպառնալիքի ու հարկադրանքի տարր կա։ Ինձ թվում է՝ բրիտանացիները փորձում են ռուսներին մեծ խաղի մեջ մտցնել, եթե ոչ երկրորդ կովկասյան պատերազմ, ապա պատմության կրկնություն, երբ Ռուսաստանն ուժով մտնում է տարածաշրջան, երբ նոր վերադասավորումներ են լինում։ Եվ վերջին խոսքը Մեծ Բրիտանիային է մնում, իսկ ամենավատն այն է, որ այս գործընթացում մեզ հատկացված է մանրադրամի դերը։ Եվ այդ դերի հետ մեր ղեկավարների երեք սերունդ համաձայնել են՝ պաշտոնի դիմաց, գումարի դիմաց։ Իրենք իրենց շահերը գերադասել են ազգային շահից»,- հավելեց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Ըստ Կարաբեկյանի՝ «Մեր հիմար հույսերը, թե Իրանը մեր բարեկամն է, փարատվեցին»։ Նրա խոսքով՝ Իրանի հոգեւոր ղեկավարներից շատերը էթնիկ ադրբեջանցիներ են, գրեթե ադրբեջաներեն են խոսում։ «Ինձ թվում է, որ նրանք օգնելու են Հայաստանի որոշակի շրջանների սողացող ադրբեջանացմանը։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանն այդ «արեւմտյան Զանգեզուրի» խնդիրն է առաջ քաշում։ Այսինքն՝ ինչ-որ պայմանավորվածություն կա, թեկուզ Իրանը ներողություն է խնդրել, ասել է, որ իսլամական կոնֆերանսի ժամանակ չի համաձայնել, որ «արեւմտյան Զանգեզուր» եզրույթն օգտագործվի, բայց անհնար է, որ հռչակագիր ընդունեին եւ Իրանից չհարցնեին։ Կամ հնարավոր չէ, որ Իրանն այնքան միամիտ լինի, որ քվեարկի եւ չնկատի, թե ինչ ենթատեքստում է դա կատարվում»,- ասաց նա։
Դավիթ Կարաբեկյանի խոսքով՝ բավականին ծանր պրոցեսներ են ընթանում, եւ մենք մի քանի բանի համար շատ թանկ ենք վճարելու։ «Առաջինը՝ անընդհատ սպասողական վիճակում լինելու ու դրսից անընդհատ հրահանգներ սպասելու համար ենք ծանր վճարելու։ Երկրորդ՝ տարբեր քաղաքական խմբերի շահերին ազգային ու համընդհանուր շահերի համեմատ առավելություն տալու համար։ Երրորդ՝ ազգային արժեքները ոտնահարելու համար էլ ենք թանկ վճարելու։ Փաստորեն Հայաստանի իշխանությունները Սփյուռքն ու իր պահանջատիրությունը ուրացան, Արցախը փորձում են ուրանալ, թուրքերի պահանջով փոփոխություն են կատարում Սահմանադրության մեջ։ Այսինքն՝ ըստ էության պետության հիմքերը, սահմանադրական կարգի հիմքերը խարխլվում են, եթե չասենք՝ վերացվում են։ Եվ մենք ստանում ենք այն, ինչ պետք է ստանանք։ Թեւավոր խոսք կա՝ դավաճանին 33 արծաթից ավելի չեն տալիս։ Հիմա վարչախումբն իր 33 արծաթն ստանում է, ժողովուրդն էլ պետք է պատրաստվի վատթարագույնի»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ