Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակ ամոթ է»․ Aravot.am-ի Տեխասի թղթակիցը Եկեղեցու թիրախավորման թեմայով զրուցել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Հուլիս 07,2025 11:26

«Ի՜նչ եք կպել Եկեղեցուն։ Ի՞նչ եք ուզում։ Հանգիստ թողեք մեր Եկեղեցուն», – Aravot.am-ի Տեխասի թղթակցի հետ զրույցում Դալլաս-Ֆորթ Ուորթ տարածաշրջանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու ծխական խորհրդի անդամ մի կին այսպես արձագանքեց Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ Հայաստանի կառավարության նախաձեռնած գործողությունների վերաբերյալ մեր հարցին։

 

Ոչնչացում՝ առանց ամոթի

Դալլասի հայկական համայնքից մի տղամարդ մեզ հետ զրույցում նշեց․ «Հայկական եկեղեցին դարեր շարունակ պահպանել է հայկական ինքնությունը։ Իշխանությունն այսօր ոչնչացնում է դա։ Ոչնչացնում է առանց ամոթի։ Դա արվում է արեւմտյան աշխարհի՝ Ֆրանսիայի աջակցությամբ։ Հայ ժողովուրդն, աչքերը փակ, հավատում է բամբասանքներին եւ ընդունում է այս ամենը։ Փոխանակ կանգնի, իր Եկեղեցուն պաշտպանի, հակառակը՝ լսում է բամբասանքներին, հավատում դրանց՝ փորձելով մերժել Եկեղեցուն։ Խայտառակ ամոթ է»։

Սփյուռքն օտարվում է Հայաստանից

Համայնքի երիտասարդներից մեկը, որը նաեւ որպես սարկավագ է ծառայում Սուրբ Սարգիս եկեղեցում, ասաց․ «Եթե կառավարությունը փորձում է միասնականությունը վերականգնել, ապա սա լավ քայլ չէ։ Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում Եկեղեցին ճանաչված է որպես, այսպես ասենք՝ Սփյուռքի իշխանություն։ Հատկապես հիմա, երբ տավուշյան զիջումների, «Զանգեզուրի միջանցքի», «Արեւմտյան Ադրբեջանի» շուրջ մեծ վեճ է ընթանում, դեմ դուրս գալ Եկեղեցու առաջնորդներին, որոնք նաեւ Հայաստանի ազգային առաջնորդներն են, ավելի է թուլացնում մեր հասարակությանը։ Այն օտարում է Սփյուռքին Հայաստանից։ Այն շատ է բարդացնում հայրենադարձության եւ Հայաստանին աջակցելու ջանքերը։ Հայաստանը եւ Եկեղեցին նույնն են, ուստիեւ պետությունը եւ Եկեղեցին չեն կարող միմյանց հակոտնյա լինել»։

 

Կոչ վարչապետին

Մեր մեկ այլ հայրենակից կոչ հնչեցրեց։ Հասցեատերը վարչապետն էր։ «Դու քո գործերով զբաղվի։ Եկեղեցու հետ գործ չունես, ուղղակի գործ չունես»։

Այլ մանրամասներ

 

Հունիսի 16-ին Դալլասի հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղեւոնդ քահանա Աճամեանն Aravot.am-ին հարցազրույց էր տվել։ Նա, մասնավորապես, ընդգծել էր․ «Եկեղեցին ավելին է, քան մեկ մարդ։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Ես այսօր Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւորականն եմ։ Վաղը ես կարող եմ այլ մարդ լինել։ Կապ չունի, թե ով է հովիվը։ Կապ չունի, թե ով է Կաթողիկոսը։ Կարեւորն այն է, թե ինչու են մարդիկ գալիս եկեղեցի։ Եթե մարդիկ գալիս են եկեղեցի Տեր Հոր կամ Կաթողիկոսի համար, նրանք ճիշտ շարժառիթով չեն գալիս։ Հակառակն էլ է ճիշտ։ Եթե նրանք չեն գալիս եկեղեցի Տեր Հոր կամ Կաթողիկոսի պատճառով, դա եւս սխալ է։ Եկեղեցի գալու միակ շարժառիթը Հիսուս Քրիստոսը կարող է լինել։ Վերջ»։

Տեխասի Դալլաս-Ֆորթ Ուորթ տարածաշրջանի Սուրբ Սարգիս եկեղեցին գործում է 1992 թվականից։ Գործող եկեղեցին օծվել է 2022 թվականի ապրիլի 23-ին։

2023-ին տեղի հայկական եկեղեցին արժանացել էր world-architects.com-ի կողմից անցկացված առցանց քվեարկության «ԱՄՆ տարվա շինություն» տիտղոսին։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Տեխաս, ԱՄՆ

 

Գլխավոր լուսանկարում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղեւոնդ քահանա Աճամեանը մատուցում է Սուրբ Պատարագ, 6-ը հուլիսի, 2025թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031