«Էս հեքիաթի մեջ ստերն իրար չեզոքացնում են՝ մի սուտը մյուսով հերքվում է։ Սա քաղաքական հետապնդում է իրավական ձևակերպումով»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի համար հանցագործ են ոչ միայն իր քաղաքական ընդդիմախոսները, այլ բոլոր նրանք, որոնք համաձայն չեն իր քաղաքական կուրսի հետ։
Անդրադառնալով «Սրբազան պայքարի» հետ կապված Քննչական կոմիտեի հայտարարությանը՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Թե ինչ հանցագործություն էր պլանավորվում, դրա մասին մենք կլսենք հաջորդիվ, երբ կներկայացվի, թե ինչպես մի սարսափելի հանցագործ՝ մահաբեր Արթուր Սարգսյանն, ի թիվս այլ հանցանքների, նաև ավադա-կեդաբրա նզովքն է կիրառել Ջեյմս և Լիլի Փոթերների նկատմամբ»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով թափանցիկության մասին քննադատություններին՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Ասում եք՝ հայտարարությունը տրվել է ՀՀ օրաթերթում, որը 3 հազար տպաքանակ ուներ։ ՀՀ օրաթերթը ՀՀ ԱԺ-ի պաշտոնական օրաթերթն էր, մինչ այդ Գերագույն խորհրդի։ Հարյուր տարվա պատմություն ունեցող թերթ էր։ Ո՞րն է թափանցիկության չափորոշիչը՝ Մինասյան Արծվիկը պիտի թռուցիկները վերցներ, գնար Սևան ազգային պարկի ծառերին կպցնե՞ր, տաներ Դրախտիկի գյուղապետարանի պատին կպցնե՞ր, ՖԲ-ում իր հաշվին գովազդ տեղադրե՞ր»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ