«Տիկի′ն դատախազ, նման մարդկանց նկատմամբ այդպիսի միջնորդություն ներկայացնելը կստվերի արդարադատության գործունեությունը։ Իհարկե, բոլորն էլ իրենց արածների համար պետք է պատասխան տան, բայց ըստ էության՝ որքան հասկանում եմ գործի էությունն այն է, որ Արծվիկ Մինասյանը մեղադրվում է այն բանի համար, որ ենթադրաբար իմացել է՝ այդտեղ ապօրինի կառույց կա և համապատասխան գործընթաց չի նախաձեռնել։ Բայց այսօր ամբողջ ՀՀ-ում հազարավոր նման օբյեկտներ կան»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա փաստեց՝ Երևանում էլ նման ապօրինի հողամասեր կան, բոլորս էլ գիտենք դրա մասին, Դուք էլ գիտեք, բա ո՞նց անենք՝ այդտեղ Ձեր, իմ քաղաքական մեղավորության բաժինն ինչքա՞ն է, որ չենք զեկուցել համապատասխան մարմիններին, որ որոշում ընդունեն․ «Դա համապետական աղետ է։ Հարց է առաջանում՝ ենթադրաբար Արծվիկ Մինասյանն իմացե՞լ է արդյոք, որ այդտեղ այդ ապօրինի շինությունը կա։ Եթե ինձ ասեն՝ պարոն Աղազարյան, կարո՞ղ ես երդվել, որ Արծվիկ Մինասյանը չի իմացել, չեմ երդվի, որովհետև ենթադրաբար՝ կարող է իմացել է, բայց դա իր գործառույթը չի եղել, բայց եթե ինձ ասեն՝ կարո՞ղ եք երդվել, որ այդ ժամանակվա մարզպետը, Սևան ազգային պարկի տնօրենն իմացել է այդ մասին, որոնք մրցութային հանձնաժողովի անդամ են եղել, ես կերդվեմ, որ վստահաբար այդ մարդիկ իմացել են։ Մեկ օրվա նախարարի մեղավորության աստիճանն այստեղ ինչքա՞ն է։ Թույլ է դառնում»։
Հովիկ Աղազարյանը նաև նշեց․ «Իմ գործերի հետ կապված չեմ ասում՝ հետապնդում, որովհետև իմ գործերի հետ կապված հենքեր կան, բայց Արծվիկ Մինասյանի պարագայում անհասկանալի է դառնում, թե իրապես մեղադրանքը որն է։ Եթե նման հնարավորություն կա, կխնդրեի՝ Արծվիկ Մինասյանի միջնորդությունը հետ կանչեիք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ