ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում է, որ «Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել», հնարավո՞ր է իրավապահները նոր գործողություն իրականացնեն Մայր Աթոռում, սա ուղիղ ցուցո՞ւմ է՝ ձերբակալելու ու կալանավորելու կաթողիկոսին։
«Ոչ, ոչ, ոչ, դա գնահատական է, որը հնչեցրել է երկրի վարչապետը։ Ինչ-որ մեկն ինչ-որ մեկին ասել է՝ գործողություն իրականացրե՞ք։ Ես չեմ կարծում, որ դա դրա մասին է։ Քանի որ մենք ունեցել ենք երեւույթ, երբ իրավապահները փորձել են գործողություն իրականացնել Էջմիածնի տարածքում, որովհետեւ անձը, որը պետք է ներկայանար իրավապահ մարմիններին, ըստ էության՝ թաքնվել էր Եկեղեցու տարածքում, եւ քանի որ կային մարդիկ, որոնք մտածում էին, թե ՀՀ-ում կա ինչ-որ տարածք, պաշտոն, կա ինչ-որ հագուստ, որը նրան դարձնում է օրենքի առաջ անձեռնմխելի, այն մասին է այս գրառումը, որ նման բան հնարավոր չէ։ Չի եղել ըտենց դեպք, որ վարչապետն իրավապահ մարմինների գործողություն անոնսի»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Լրագրողները նկատեցին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չէր թաքնվել Վեհարանում, նա ժողով էր անցկացնում այնտեղ, հետո ինքնակամ ներկայացել է իրավապահներին։ Բայց Արթուր Հովհաննիսյանը շարունակեց պնդել ՔՊ-ական թեզը, թե Աջապահյանը թաքնվել էր։
Հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում Վեհափառին հեռացնելու գործընթացը, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Քանի որ վարչապետը նաեւ հրապարակային հայտարարություն է արել խորհրդի ձեւավորման եւ այդ խորհրդի կազմի մասին, հենց այդ կազմում պետք է օրակարգը մշակվի, հնարավորինս համերաշխ ու եղբայրական մթնոլորտում պետք է այս պրոցեսը տեղի ունենա՝ Եկեղեցուն չվնասելու համար»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ