«Ես այս պահին աշխատանքի վայրում չեմ, բայց ձերբակալված չեմ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ձերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանին։
Սևակ Խաչատրյանն ասաց, որ տեղյակ չէ Դավիթ Շահնազարյանին ձերբակալելու լուրը՝ սխա՞լ է, թե՞ ոչ. «Իր հետ չեմ կարողացել կապ հաստատել, չի պատասխանում»։
Հարցին, թե իր անձի հետ կապված իրավական գործընթացներ կա՞ն՝ Սոթքի վարչական ղեկավարը պատասխանել է, որ տեղյակ չէ. «Պետք է հասկանամ»։
Մամուլում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ այսօր առավոտյան ձերբակալվել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից News.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նշված անձինք ձերբակալված չեն. նրանց մասնակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում քննչական գործողություններ են կատարվում: