Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը հայտնեց, որ հուլիսի 18-ին ժամը 11-ին նախատեսված է Շառլ Ազնավուրի հուշարձանի բացման արարողությունը: Քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է:
Փոխքաղաքապետը նաեւ ասաց, որ քանդակը պատրաստվում է Շիրակում, իսկ բացման արարողությանը հրավիրված են հյուրեր Իլ դը Ֆրանս շրջանից եւ Փարիզից։
Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչությունն էլ Տիգրան Ավինյանին տեղեկատվություն ներկայացրեց այս տարվա երկրորդ եռամսյակում իրականացված սպորտային միջոցառումների վերաբերյալ:
Ի թիվս այլնի՝ անդրադարձ եղավ Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարին, Երեւանի քաղաքապետի գավաթի մրցաշարերին 5 մարզաձեւերից, բասկետբոլի մրցումներին եւ այլն:
Կարդացեք նաև
Նշվեց, որ Երեւանի քաղաքապետարանը՝ Երեւանի թենիսի ֆեդերացիայի եւ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի նախաձեռնությամբ անցկացրել է սեղանի թենիսի մրցաշար դատապարտված անձանց միջեւ, վերջիններս պարգեւատրվել են մեդալներով, գավաթներով եւ պատվոգրերով:
«Ես ակնկալում էի, որ դատապարտված անձինք այլ բանով պետք է պարգեւատրվեն, բայց ավաղ…»,-ափսոսանք հայտնեց Երեւանի քաղաքապետը:
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ