«Եթե իշխանության կողմից sms-ով կամ այլ ձևով հրահանգ ստանաք, որ հերթական քրեական գործը հարուցեք ընդդիմադիր պատգամավորի՝ այս դեպքում իմ նկատմամբ, մեր տան խուզարկությամբ հայտնաբերեք երեխաներիս կողմից ուսումնասիրվող ոչ Երևանի քարտեզը, այլ Եվրոպայի, իրենց կողմից հաճախակի օգտագործվող պայթուցիկները, որ օգտագործում են երեխաները դրսում, ներկեր, որոնցով նկարում են, մեկ կամ երկու որսորդական հրացան, որ իմ օրինական զենքերն են, ի՞նչ քրեական հոդվածով եք գալու այստեղ միջնորդությամբ, որ ինձ զրկեն անձեռնմխելիությունից, նաև ազատությունից»,- ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար միջնորդության քննարկման ժամանակ Աննա Վարդապետյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը։
Գլխավոր դատախազն ասաց, որ միջնորդության հետ կապ չունեցող հարց է ու չպատասխանեց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ դիմելով Աննա Վարդապետյանին՝ ասաց․ «Ափսոսում եմ՝ երիտասարդ եք, դեռ տասնամյակներ ՀՀ-ում ապրելու եք, գեներալի ուսադիրն ունեք, ինչո՞ւ եք ձեզ դնում այսպիսի վիճակում։ Մի ձայնագրություն կա 2024-ի օգոստոսի 12-ին՝ մի հատ ոտքի վրա խոսում են Խաչվերաց տոնին զանգվածային բան անենք, ուրիշ որևէ ձայնագրություն չկա Խաչվերաց տոնին բան անելու մասին։ Էն զենքերը, որ քննչականը հրապարակեց, բռնագրավված զենքերի մեջ կա՞ անօրինական զենք։ Քրեական գործում կա՞ որևէ փաստական տվյալ, որ ծրագրվել է վառել քաղաքացիական ավտոբուսներ։ Կտամ, կսպանեմ արտահայտությունը, որը շատ հաճախ օգտագործվում է շատերիս կողմից, դա քրեորեն հետապնդելի արա՞րք է, թե՝ ոչ։ Ի վերջո, Արթուր Սարգսյանին ի՞նչ եք մեղսագրում»։
Կարդացեք նաև
Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Ես միջնորդագիրը ներկայացնելիս ավտոբուս վառելու դրվագ չասացի, ասացի՝ վառել ավտոմեքենաներ։ Անօրինական զենքի հետ կապված․ մեր մեղադրանքը չի վերաբերում ապօրինի զենք պահելուն, այլ իշխանությունը զավթելուն և ահաբեկչությանը։ Բոլոր այն միջոցները, որոնք հայտարարվել են, քննարկվել ընթացքում, անկախ դրանից՝ օրինակա՞ն են, թե՞ ապօրինի, կարող են գործադրվել։ Քննությունը ցույց կտա։
Միջնորդության մեջ բերել եմ այն հատվածները, որոնք վերաբերվել են Արթուր Սարգսյանին։ Հստակ խոսակցություն կա, որ մինչև սեպտեմբերի 21-ը հարցը լուծենք և այլն։ Նշում է, որ շատ մարդկանց չի կարողանում ներգրավել, քանի որ չեն տեսնում կառավարության շենքը գրավելու հնարավորություն։ Այդ բոլոր խոսակցությունները մեջբերված են։ Այսինքն՝ Դուք ասում եք, որ անմեղ զրույց է եղել ինչ-որ գաղափարի շուրջ, որոնք ունեցել են հստակ ժամանակացույց»։
Գեղամ Մանուկյանն ի պատասխան հայտարարեց․ «Մինչև հիմա ես մեկ կառավարական շենքի գրավման մասին եմ հիշում՝ Ռադիոտան»։ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Նոյեմբերի 9-ը երևի մոռացե՞լ եք, որ ձերոնք մտել էին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ