Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում եք խոշտանգո՞ւմը արդարացնել, թե՞ ինձ կոտրել. Ռոման Երիցյան

Հուլիս 07,2025 16:03

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Անդրադարձ քննչական կոմիտեի և ՆԳ նախարարության կողմից Տիգրան Ուլուբաբյանին կալանավորելու և ինձ թիրախավորելու վերաբերյալ հրապարակմանը

2025 թ․ հուլիսի 4-ին Քննչական կոմիտեն, իսկ դրանից առաջ նաև Ոստիկանությունը, հանդես են եկել հրապարակումներով՝ պնդելով, թե իբր համատեղ ջանքերով բացահայտել են Լոռու մարզում տեղի ունեցած ավազակության դեպքը, որին, ըստ իրենց, որպես օժանդակող ներգրավված է եղել նաև Տիգրան Ուլուբաբյանը, որը հետագայում կալանավորվել է։ Հավելել են, որ ես ամիսներ առաջ հավաք էի կազմակերպել՝ մեջբերում եմ. «Պաշտպանյալս հանիրավի է կասկածվում ավազակության մեջ» կարգախոսով։

Կարծում եմ՝ գրառման հեղինակները վերապատրաստման կամ կրթվելու դասընթացներ անցնելու շատ լուրջ կարիք ունեն։

Հիմնավորեմ՝ ըստ կետերի։

  1. Նախ՝ Տիգրան Ուլուբաբյանը երբևէ իմ պաշտպանյալը չի եղել։ Այնպիսի տպավորություն է, որ չեք տիրապետում քրեական դատավարության տարրական հիմունքներին։ Ուլուբաբյանը երբևէ չի ունեցել մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ այն պահին, երբ ես հանդես էի գալիս որպես նրա ներկայացուցիչ։ Ես երբևէ դիմում չեմ ներկայացրել քննիչին՝ որպես նրա պաշտպան ներգրավվելու համար։ Այդ պահին նրան ընդհանրապես մեղադրանք չէր առաջադրվել։ Այսինքն՝ ես եղել և մնում եմ Տիգրանի՝ որպես խոշտանգման վարույթով տուժողի ներկայացուցիչ, ոչ թե վերջինիս՝ որպես մեղադրյալի պաշտպան։ Հետևաբար, Տիգրանը դատավարական իմաստով պաշտպանյալս համարվել չի կարող։
  2. Այն, որ այդ պահին ձեռք բերված փաստական տվյալներով Տիգրան Ուլուբաբյանը հանիրավի էր կասկածվում ավազակության մեջ, ասել եմ ոչ ես կամ ոչ այնքան ես, որքան հենց դուք։ Հիշեցնեմ, օրինակ, Լոռու մարզային վարչության պետի ցուցմունքը խոշտանգման վարույթի շրջանակում, ըստ որի՝ եթե իրենց կասկածը չփարատվեր, ապա Տիգրանը կձերբակալվեր։ Սակայն մի քանի ժամ ոստիկանությունում գտնվելուց (և իրականում՝ ծեծի ենթարկվելուց) հետո նա ազատ է արձակվել։ Հիշեցնեմ նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանն անգամ հետագայում բեկանել է Տիգրանի բնակարանում խուզարկություն կատարելու որոշումը՝ արձանագրելով, որ դրա համար բավարար տվյալներ չկային։
  3. Դուք իրոք այդ աստիճան անհասկացո՞ղ եք։

Այո, ես կազմակերպել եմ հավաք։ Բայց ոչ այն բանի համար, որ Տիգրանը որևէ արարքում հանիրավի կասկածվում է, այլ այն պատճառով, որ նա խոշտանգման էր ենթարկվել։ Բավական է խեղաթյուրել իրականությունը։ Այդ հավաքը եղել է Խոշտանգումների վարչության շենքի դիմաց՝ հենց այդ անօրինությունը բարձրաձայնելու նպատակով։

  1. Ո՞րն է հրապարակման մեջ իմ՝ շատ ծանր պահի, իմ տվյալները նշելու, հավաքը հիշատակելու և այն անուղղակի քննադատելու իմաստը։

Փորձում եք խոշտանգո՞ւմը արդարացնել, թե՞ ինձ կոտրել։ Եթե այդպես է, ապա վաղը ուղղակի առաջարկում եմ հիսուն-վաթսուն բերետավոր ուղարկեք քրեակատարողական հիմնարկներ ու մեկ-մեկ բոլորին ջարդեք։ Բացի այդ՝ դուք անմեղության կանխավարկածի մասին երբևէ լսե՞լ եք և այն իրապես ընկալե՞լ եք, թե՞ ուղղակի պատճենում եք ու դնում հրապարակման վերջում՝ առանց հասկանալու։

  1. Ավելի լավ կլիներ, եթե ձեր այդ «համատեղ ջանքերով» խոշտանգման դեպքը բացահայտեիք, այլ ոչ ամբաղ-զամբաղ հրապարակումներ կատարեիք։ Այդ հրապարակումը ոչ միայն զազրելի խեղաթյուրում է իրականությունը, այլ նաև ակնհայտ փորձ է շեղելու հասարակական ուշադրությունը՝ սեփական անգործությունից և ապօրինություններից։
  2. Ինչ վերաբերում է ներկայում Տիգրանին առաջադրված մեղադրանքին և նրան կալանավորելու փաստին, ապա վերստին նշեմ, որ այդ վարույթով ես Տիգրանի պաշտպան չեմ հանդիսանում, ուստի գործի նյութերին և փաստերին չեմ տիրապետում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով նախաքննական մարմինների գործելաոճն ու ընդհանուր մակարդակը, ենթադրում եմ, որ իրականությունը կրկին խեղաթյուրված է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031