«Քանի որ գործի քննության տեսանկյունից մեզ համար ակնհայտ էր 2025 թվականը, հանրային դիսկուրսի այդ մասը բաց էինք թողել։ Ասում ենք՝ 2025-ի սեպտեմբերին պլանավորվող գործողությունների մասին, որը փորձ է արվում ներկայացնել նախկին սեպտեմբերը, որը տապալվել է։ Զրույցները ցույց են տալիս, որ մասնակիցները փնտրում են օր կամ իրադարձություն, որը հնարավորություն կտա ալիքը բռնել, որ մարդիկ հավատան ու գան։ Հաճախ Խաչվերաց տոնի, Անկախության տոնի հետ է կապվում»,-ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հստակեցմանը՝ դատախազությունը համոզմունք ունի՞, որ այդ գործողությունները կանխվել են, կա՞ արդյոք հուշում, թե ինչ առիթի էին սպասում գործող անձինք, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար միջնորդության քննարկման ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը (լուսանկարում) էլ ասաց՝ չգիտեմ՝ աչքերիս տեսածին հավատա՞մ, թե՞ ինչին, քանի որ բաներ եք նկարագրելու, որ ինձ էլ է վերաբերում, բայց տեղյակ չեմ։ Ու հարցրեց․ «Սեպտեմբերի հետ կապված հստակ ասեք՝ այս տարի սեպտեմբերին բան կա՞ր պլանավորված ձեր նյութերում։ Այն, ինչ նկարագրում եք, դրան կողմ լինել չենք կարող, հարցն այլ է՝ ձեր նկարագրածը որքանո՞վ է իրական, որքանո՞վ է որոշակի և վերաբերելի այն մարդկանց, ում այդ արարքները մեղսագրում եք։ Իմ տեսածով կարող եմ ասել՝ մեկ տարի շարունակ «Սրբազան պայքարի» շարժմանը մասնակցել եմ, այդտեղ որևէ անգամ այն, ինչ նկարագրում եք, որևէ կերպ դրան մոտ արարք տեղի չի ունեցել»։
Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Չունենք առնվազն կասկածի տակ դնող որևէ տվյալ։ Երևում է՝ մարդիկ չեն պլանավորել խաղաղ ցույց, այլ անկարգություններ, քաոս։ Արթուր Սարգսյանը նույն սրբազանին ասում է՝ «բոյ» ենք տալիս։ Ես չգիտեմ՝ «բոյ» բառն ուրիշ ի՞նչ կնշանակի։ Ես հասկանում եմ՝ կռվի մասին է խոսքը, գուցե ինքը հասա՞կը նկատի ունի»։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն էլ գլխավոր դատախազին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ․ «Երբ խոսում ենք ինչ-որ մանիպուլատիվ, կոնտեքստից կտրված բաների մասին, դուք նույն բանն արեցիք, երբ մեջբերում էիք Արթուր Սարգսյանի պատասխանը Բագրատ Սրբազանի հետ կապված, որտեղ նկարագրվում էր քաոս։ Որից հետո Արթուր Սարգսյանի խոսքն եք մեջբերում ու չեք ասում, որ Ձեր ասածի շարունակությամբ Արթուր Սարգսյանն ասել է՝ բայց ես համարում եմ, որ նման բան չի լինելու։ Ուստի սա էլ է մանիպուլատիվ»։
Նշենք, որ Արծվիկ Մինասյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն վերաբերող միջնորդությունների գաղտնի քվեարկությունը կանցկացվի այսօր՝ ժամը 16։00-17։00-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային