Հուլիսի 4-ին կայացած Զեմֆիրայի երևանյան համերգը երկար կհիշվի ոչ միայն երաժշտական հույզերով, այլև աննախադեպ տեսարանով՝ 13-ամյա Գագիկը բարձրացավ բեմ ու գրկեց իր սիրելի արտիստին։ «Եթե ես հենց այդ պահին բեմ չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել է Գագիկը:
«Զեմֆիրայի հետ հանդիպելը միշտ երազանք էր»
Գագիկն ասում է՝ բեմ բարձրանալու մասին որոշումը վաղուց էր կայացրել. «Նախապես էի որոշել։ Միշտ երազել եմ իմ սիրելի արտիստներին հանդիպել։ Զեմֆիրան առաջինն էր, ու դա իմ կյանքի պահն էր»։ Բայց կոնկրետ որ պահին կբարձրանա, նա չէր նախատեսել․ «Ուղղակի բախտս բերեց, որ հենց իմ ամենասիրած երգերից մեկի ժամանակ կարողացա բարձրանալ»։
«Ասաց՝ հանգստացի, արդեն երգել ենք ու պարել»
Երբ Գագիկը բարձրացավ բեմ, Զեմֆիրան նրան դիմավորեց զարմանալի քնքշությամբ․ «Երբ հետնաբեմ գնացինք, ինքը ասաց՝ վերջ, հանգստացիր արդեն, երգել ենք, պարել ենք, էլ մի՛ լացիր, հիմա քեզ կուղեկցեն ծնողներիդ մոտ: Ասացի, որ ծնողներիս հետ չեմ։ Նա շատ ջերմ էր»։
Երևանյան համերգից հետո ինստագրամյան իր էջում երգչուհին գրել է.
«Երևանը զարմացրեց ինձ։ Այսքան ջերմություն. ամենքից, ամենուրեք, երեք օրերին էլ: Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։
Երեք օրն էլ գլխումս հարց ծագեց՝ «ինչպե՞ս է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել»։ Իմ տարիքում նման «հայտնագործություններ» անելն անգին է։
Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում։ Եվ համերգը մեծ հավաքույթի նման էր. անհավանական պատմություններ մի աղջկա մասին, որը ժամանել էր Նոր Զելանդիայից, մեկ ուրիշը՝ Ճապոնիայից, բայց նա հաճախ է թռչում, և Մոսկվա/Սանկտ Պետերբուրգ/Ուֆա, իհարկե, երկրպագուներն՝ ամբողջ կազմով։ Նաև անցյալի մարդկանց մասին է, որոնք հայտնվեցին շատ տարիներ անց և արթնացրին հիշողություններ ու մոռացված զգացմունքներ։
Բայց համերգը, այն գուցե կարող էր ավելի լավ լինել. ես հաճախ եմ այդպես մտածում։ Վերջին հաշվով խոսքը նոտաների և հնչյունների մասին չէր։ Խոսքը երկար սպասված, լավ հանդիպման մասին էր։ Երբ հետո հիշում ես և մտածում՝ «հիանալի էր»։
Ես հիշում եմ երեք բան՝ մարզադաշտի դիմացի բլրի վրա գտնվող երկու շենքերը, որոնք ամբողջ համերգի ընթացքում ինձ վրա էին փայլեցնում իրենց այրվող պատուհանները. անտանելիորեն գեղեցիկ փոխաբերություն և պարզապես տեսարան։ Անկրկնելի տեսարան։
Վերջին երգը՝ վերջում իմպրովիզացիան. ես միշտ սիրել եմ իմպրովիզացիաները, բայց դրանք ես ավելի ու ավելի քիչ եմ անում։ Այս անգամ այն ստացվեց։
Գագիկը երեկոյի անվիճելի հերոսն է. քաջ և զգայուն։ Հայաստանի կվինտէսենցիան։
Ինձ ասում և գրում են՝ «հրաշալի համերգ էր», բայց դո՛ւք այն այդպիսին դարձրիք՝ հավաքվելով մեկ տեղում, բաց երկնքի տակ, միմյանց հետ կիսվելով ձեր հույզերը։ Կարծում եմ՝ սա է հուզիչը, գիտակցումը, որ շատ եք, որ ձեր շուրջը գտնվող այս բոլոր մարդիկ այս երկու ժամվա ընթացքում ձեր ընկերներն են։
Շնորհակալություն, Երևա՛ն, այս համերգի համար։ Շնորհակալություն բոլորիդ՝ իմ նկատմամբ այդքան բարի վերաբերմունքի համար։
Վստահ եմ, որ ցանկացած արտիստ իր լսարանին լավագույնն է համարում, բայց թվում է, թե իմն է լավագույնը։
Իսկ համերգի հաջորդ օրը՝ Արարատը «բացվեց», լեռն ամբողջությամբ տեսանելի դարձավ։ Ասում են՝ ամռանը դա հազվադեպ է պատահում։
Հ. Գ. Ինչպե՞ս է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել»: