«Ասում եք՝ «բոյ» ենք տալիս արտահայտությունը նպատակադրում է ահաբեկչության։ Ես Ձեզ հետ «բոյ» եմ տալիս իրավական հարցումների համատեքստում, արդյոք դա իրավակա՞ն, թե՞ քաղաքական հետապնդում է, մարդիկ ասում են՝ գնում ենք դատարան «բոյ» տալու, դա արդյոք ահաբեկչությո՞ւն է, որ որպես հիմք ներկայացնում եք»,- ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Այնուհետև վկայակոչելով նրա՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար միջնորդագիրը, ասաց․ «Միջնորդագրում կա խոսակցություն, որտեղ խոսվում է ԱԺ բռնի կերպով մուտք գործելու մասին։ Դա նորից որպես ահաբեկչության նախապատրաստում եք դիտարկում։ Հիշենք հոկտեմբերի 2-ին, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով հանրությունը հավաքվեց, շրջապատեց ԱԺ տարածքը և ներխուժեց ԱԺ տարածք։ Հիմա դա արդեն ավարտված հանցագործությո՞ւն է Ձեր տերմիններով, թե ընդհանրապես դա չի կարելի դիտարկել հանցագործություն, բայց էս պարագայում դա նախապատրաստություն է»։
Աննա Վարդապետյանն ասաց․ «Մի քանի անգամ խոսեցինք ավարտված ու չավարտված հանցագործությունների մասին։ Հանցագործության նախապատրաստությունը չավարտված հանցագործություն է։ Ավարտված հանցագործություն լինելու դեպքում մենք ավարտված ահաբեկչություն կամ որևէ այլ հանցակազմ կմեղսագրեինք։ Բոլոր պլանավորված գործողությունները ներկայացվում են տևական ժամանակ պլանավորված համատեքստում, երբ կոնկրետ գործողություններ ունեն՝ ինչից հետո ինչ պիտի անեն։ Դուք ասում եք՝ ավարտված, բայց որ ավարտված մի արարք լիներ, ավարտված կվերագրեինք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ