Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ՆԱՏՕ-ի՝ 50 հազարանոց զորք տեղակայելու, հակառուսական հիստերիայի ու Զանգեզուրի միջանցքի բացման մասին

Հուլիս 07,2025 19:01

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման հեղինակը պաշտոնական Բաքուն է, որը նպատակ ունի այս միջոցով տարածաշրջանում ուժեղացնել Թուրքիայի դիրքերը ու Ադրբեջանում տեղակայել տալ ՆԱՏՕ-ի 50 հազարանոց զորքը։

«Ռուսաստանի կողմից իր իսկ տարածքում ադրբեջանցի հանցավոր տարրերի ձերբակալության արդյունքում չգիտես ինչու պաշտոնական Բաքուն գերակտիվացավ՝ բացահայտ հարձակումներ է գործում՝ թե՛ փոխաբերական և թե՛ իրական իմաստով, Ռուսաստանի վրա՝ փորձելով այս ամենը ներկայացնել որպես ադրբեջանական սփյուռքի ճնշում։

Իրականում բոլորն էլ շատ լավ տեսնում են, որ պաշտոնական Մոսկվան իր իրավապահներով ում է չեզոքացնում։ Ում բռնել են, դրանք բոլորը քրեածին տարրեր են, որոնց մեղադրում են բազմաթիվ սպանությունների, մարդկանց ունեցվածքը խլելու մեջ։

Խնդիրն այն է, որ պաշտոնական Բաքուն շատ հմտորեն այս ամենն օգտագործում է հակառուսական հիստերիա հրահրելու համար։ Դրա կարևորագույն մասերից մեկը ռուս զբոսաշրջիկներին կամ ռուսական ընկերությունների աշխատակիցներին Բաքվում ստորացնելն է, բերման ենթարկելը, ծեծելը, չորս ամսով կալանքի ենթարկելը։

Ես կարծում եմ, որ դրա գլխավոր նպատակն այն է, որ վաղը մյուս օր նույն Ադրբեջանը հայտարարի, որ Ռուսաստանի հետ Բաքվի հարաբերություններն այնքան վատ են, որ Ադրբեջանը ինքնուրույն չի կարող պաշտպանել իր տարածքն, իր անվտանգությունը և դիմելու է իր ավագ եղբորը՝ Թուրքիային։

Թուրքիան, որը շատ վաղուց ներկա է Ադրբեջանում ու ունի իր ռազմական կցորդները Բաքվում, իր սպայական անձնակազմը շատ ակտիվ ներգրավված է ադրբեջանական բանակի շինարարության մեջ՝ հրեաների հետ համատեղ, հիմա դա արդեն քիչ է, Բաքուն պաշտոնապես է ցանկանում Անկարային հրավիրել։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Նամազովը պաշտոնապես արդեն հայտարարեց, ճիշտ է ինքը նախկին է, բայց Ադրբեջանում նախկին պաշտոնյաներ չեն լինում, եթե ինքն ակտիվություն է դրսևորում, ուրեմն անպայման Իլհամ Ալիևի անմիջական գիտությամբ է։ Նամազովը հայտարարեց, որ չի բացառում՝ Ադրբեջանի տարածքում տեղակայվի բավական մեծ ռազմաբազա՝ միջինը 50 հազար թուրք զինվորներ՝ Ադրբեջանին պաշտպանելու համար»։

Քաղաքագետի մեկնաբանմամբ, իսրայելա-իրանական հակամարտության մեջ Իսրայելի բացահայտ պարտությունից հետո, անցել են պլան Բ-ին․ Անկարան ակտիվացել է՝ որպես ԱՄՆ-ի և Իսրայելի կարևոր գործընկեր մեր տարածաշրջանում։

«Անկարան բերման ենթարկեց Նիկոլ Փաշինյանին, նա մեկնեց Ստամբուլ և ստացավ ցուցումներ, թե ինչ քայլեր պիտի ձեռնարկի Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար։ Բացարձակ պատահական չէր եկեղեցու դեմ արշավը, բացարձակ պատահական չէ նաև հակառուսական հռետորաբանության հզորացումը մեր տարածաշրջանում, որի արդյունքը պիտի լիներ հակառուսական հիստերիան Հայաստանում։

Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը դա շատ պրոֆեսիոնալ ձևով առաջ է տանում, ասենք եկեղեցու դեմ շարժման ամենակարևոր գործոններից մեկը, ըստ Նիկոլի Փաշինյանի կեղծ թեզերի, այն է, որ եկեղեցականները Կրեմլի գործակալներ են։ Սամվել Կարապետյանին բերման ենթարկելը ևս նպատակ ունի, ըստ նիկոլականների, թուլացնել ՌԴ-ի դիրքերը Հայաստանում։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է դա անել՝ որպես Սամվել Կարապետյանի դեմ արշավ, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է նաև, իր ունեցվածքը բավական պատկառելի է․ մոտ 4 միլիարդ ամերիկյան դոլար և հենց այնպես նրա դեմ քայլեր չեն ձեռնարկում։ ՀԷՑ-ի խլումը Կարապետյանից ևս նպատակ ունի թուլացնել Ռուսաստանի դիրքերը։

Ռուսաստանը որքան էլ կրավորական կեցվածք է ընդունել՝ փորձելով չմիջամտել, միևնույնն է՝ հանրության մոտ այն կարծիքն է, որ հակակարապետյան արշավը հենց Ռուսաստանին է ուղղված։ Այստեղ թիրախը ոչ թե Սամվել Կարապետյանն է, այլ Ռուսաստանը», -ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ նրա, հակառուսական հիստերիան Հարավային Կովկասի երկու հանրապետություններում՝ Հայաստանի Հանրապետությունում և Ադրբեջանում տեղի ունեցան միևնույն ժամանակ։ Ըստ մեր զրուցակցի, այս ամենը նպատակ ունի ՆԱՏՕ-ի 50 հազարանոց զորք բերել Ադրբեջան, իսկ Ադրբեջանը հետագայում պիտի դառնա պլացդարմ Ռուսաստանը և Իրանը քանդելու համար։

«Պատահական չէ, որ արդեն տեղեկություններ են սպրդում, թե Նիկոլ Փաշինյանը ինչեր է պայմանավորվել, ինչեր է խոստացել Ստամբուլում Էրդողանին։

Ըստ սպրդած տեղեկությունների, եթե դրանք իրականությանը համապատասխանում են, այդ մասին ռուսաստանյան բազմաթիվ թելեգրամյան ալիքներ արդեն հրապարակել են, Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Զանգեզուրի միջանցքում տեղակայել ամերիկյան լոգիստիկ կազմակերպություն, որպեսզի վերահսկողություն իրականացնի։ Իսկ վերահսկողություն՝ դա նշանակում է, որ Դոնալդ Թրամփը, որը փոխարինեց Ջո Բայդենին և հունվարից սկսած դադար էր տվել Զանգեզուրյան միջանցքի ծրագրին, հիմա արդեն դա իրականացվելու է։

«Եկեք չմոռանանք, որ Զանգեզուրյան միջանցքի թիվ մեկ շահառուն և իրականացնողը ԱՄՆ-ն է, որը չի էլ թաքցնում, նպատակն, ըստ իրենց մեկնաբանման, այն է, որ Միջին Ասիայի էներգակիրներով հարուստ հանրապետությունները կտրի ռուսաստանյան և չինական լոգիստիկ հանգույցներից», -ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ նրա, զանգեզուրյան միջանցքի փայատերերից մեկը Թուրքիան է, որի նախագահը չի թաքցնում, որ այդ միջանցքի միջոցով կիրականացնի պանթուրանական ու պանօսմանական վաղեմի ծրագիրը։ Այդ միջանցքով, որը չի վերահսկվելու Հայաստանի Հանրապետության կողմից, Թուրքիան կապ կհաստատի Ադրբեջանի հետ և միջին ասիական թյուրքալեզու մահմեդական ժողովուրդների հետ։

Գագիկ Համբարյանի մեկնաբանմամբ՝ այս ծրագրի իրականացման մոտակա նպատակներից մեկը Թուրքիայի համար Ռուսաստանի քանդումն է․Հյուսիսային Կովկասը և Մերձկասպյան Դաղստանը, ըստ թուրքերի, պետք է անցնեն ադրբեջանա-թուրքական վերահսկողության տակ։

Զանգեզուրյան միջանցքի գործարկումը, ըստ Գագիկ Համբարյանի, աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031