«Եթե պլանավորվել է որևէ գործողություն իրականացնել, Դուք այդ գործողության համար տարբեր ժամկետներ եք նշում՝ 2024-ի օգոստոս, նոյեմբեր, 2025-ի մարտից նոյեմբեր, հետո մի հատ էլ առանձին 2025-ի նոյեմբեր։ Ասացեք՝ ի վերջո այդ ահաբեկչությունը ե՞րբ պիտի տեղի ունենար, ո՞վ, ի՞նչ դերակատարում պիտի ունենար։ Արթուր Սարգսյանի դերակատարումը ո՞րն էր լինելու»,- ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար միջնորդության քննարկման ժամանակ հարցրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա պնդեց՝ ՀՀ իրավապահ համակարգի նկատմամբ տոտալ անվստահություն կա․ «Ինչ բերում է դատախազությունը, որն իրականացվում է ՀՀ քննչական մարմինների կողմից, անվստահություն կա։ Եթե չկա վստահություն, ինչպե՞ս մենք պիտի կողմնորոշվենք, որոշվենք մեր գործընկերոջը ձեզ հանձնելու հարցում»։
Աննա Վարդապետյանն արձագանքեց՝ ԱԺ-ն ոչ մեկի ոչ մեկին չի հանձնում․ «Սահմանադրությամբ տալիս է համաձայնություն քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ։ Վստահության հետ կապված ասեք գոնե, որ դա Ձեր մասնավոր կարծիքն է»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե ինչ պիտի աներ Արթուր Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազն ասաց․ «Արթուր Սարգսյանը մի խումբ անձանց հետ պետք է ապահովեր որոշակի խմբերի ներգրավումը և մասնակցությունը և կոնկրետ հրահանգավորումը, թե ով ինչ պիտի անի։ Նա իր տեքստով, իր բառերով նկարագրում է, թե ինչպես պետք է որոշակի գործողություններ իրականացվեն, որ լինեն արդյունավետ։ Նույն աստղիկները, թե ինչպես պիտի շաղ տալ։ Մի հատ առաջարկում է իրենց մեքենաների վրա փորձեն, որ մեքենաների անվադողերը պատռվեն։ Անընդհատ քննարկում է, թե որ գործողությունները ոնց պետք է արվեն, փողոցն ինչքան է պետք փակ պահել, որ ժամանակահատվածում, ով, ինչ բանակային ճշտապահությամբ ինչ պիտի անի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ