Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Հայկական գորգերի յուրացման արշավն այս անգամ Նիդեռլանդներում է

Հուլիս 07,2025 23:25

Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունը վերջերս ակտիվացել է միջազգային տարբեր հարթակներում՝ այդ թվում Նիդեռլանդներում, Լատվիայում, Լեհաստանում, Վատիկանում՝ ցուցահանդեսների, գիտաժողովների, դասախոսությունների և «գիտական» լսումների տեսքով։

Այս անգամ հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականության թիրախում Նիդեռլանդներն էին, և կրկին՝ հայկական գորգերը։ Հաագայի քաղաքապետարանի «Atrium City Hall» (Atrium Den Haag) սրահում մայիսի 15-ից հունիսի 20-ը անցկացված «Ադրբեջանական գորգերի շքեղությունը. ուսուցում արվեստի միջոցով» խորագրով ցուցահանդեսը նման միջոցառման վառ օրինակ է։ Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանության և պետական այլ կազմակերպությունների կողմից։

Իբրև ադրբեջանական ներկայացվող գորգերում առկա նշանները, կենդանիների և թռչունների պատկերները, դեկորատիվ ձևավորման մեջ կոմպոզիցիոն նախշերը և դրանց շուրջ հավատալիքները կիրառվել են հայկական գորգագործության մշակույթում և ունեն դարավոր պատմություն։

Հաագայում ներկայացված  գորգերը ադրբեջանական Ազերխալչա (Azerkhalcha/Azərxalça) ընկերության արտադրանքն են, որը միակ գորգ արտադրողն է Ադրբեջանում: Իսկ դա ցուցիչն է այն բանի, որ գործարանի կողմից ստեղծված՝արցախյան զարդանախշերի կրկնօրինակներով հավաքածուների ստեղծումը ուղղորդվում է մենաշնորհային և պետական հովանավորչությամբ։

Այդ ընկերության նմուշները կրկնում են Արցախի Ջրաբերդ (Джраберд, Jraberd) հայկական ֆեոդալական իշխանության գորգագործական կենտրոնից սերված «Արծվագորգ»-երը, Սյունիքի և Նախիջևանի Գողթն գավառի «Որոտան» տիպի գորգը, ինչպես նաև Շիրվանի գորգերը։

Ցուցահանդեսում ներկայացված գորգերից մի քանիսը, մասնավորապես «Ղարաբաղի գորգեր» անվամբ ցուցադրված գործերը, ըստ պաշտոնական հայտարարության՝ պատկանում են ադրբեջանական գորգագործական դպրոցին։ Սակայն պատմական և ազգագրական վկայությունները փաստում են, որ Ղարաբաղը դարեր շարունակ եղել է հայկական մշակույթի և գորգագործության կենսունակ կենտրոն։ Հայերը եղել են այս տարածաշրջանի բնիկ և մշտական բնակիչներ՝ ստեղծելով բազմաժանր գորգարվեստ՝ միաժամանակ կերտելով տարբեր գեղագիտական դպրոցներ, ինչպիսիք են՝ Շուշիի, Վարանդայի, Ջրաբերդի և Քաշաթաղի գորգագործական ավանդույթները։ Այս գորգերը տարբերվում են իրենց բարձրորակ գունային կոմպոզիցիայով, բարդ նմուշային համակարգով և սիմվոլիկ պատմափիլիսոփայական պատկերներով ։

Հաագայի ցուցադրությունը  ոչ միայն հայկականից յուրացված արվեստի նմուշների ցուցադրություն է, այլև քաղաքական խորը ենթատեքստ ունեցող միջոցառում, որի հեռահար նպատակը պատմության վերաշարադրումն է, ԼՂ տարածաշրջանի հայկական ինքնությունն ու ժառանգությունը ջնջումը և այդ ամենի միջազգային ամրագրումը։ Այն էական մտահոգություններ է առաջացնում նաև մշակութային ժառանգության պահպանման և ցուցահանդեսի էթիկական բնույթի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նմանատիպ ցուցահանդես տեղի էր ունեցել նաև 2024 թվականին՝ Լատվիայում՝ «Դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարանում» «Ադրբեջանական գորգեր. հիշողության գենետիկական կոդը» խորագրով, որի հիմնական ցուցադրությունը կրկին  ընդգրկում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածաշրջանի հայկական գորգերը։

Մեր արձագանքը

Արցախի ժողովուրդն ունենալով գորգագործության հարուստ ավանդույթներ այսօր բռնի տեղահանության արդյունքում զրկված է իր մշակութային պրակտիկան շարունակելու, իր համայնքի մշակութային կյանքում ներդրում ունենալու հնարավորությունից, որը արցախահայերի մշակույթի իրավունքի կոպիտ խախտում է՝ համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ, և ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածների։ Եվ ստացվում է, որ մի կողմից բռնի տեղահանությամբ Ադրբեջանի կողմից կասեցվել է արցախահայերի գորգագործության պրակտիկան, իսկ մյուս կողմից նրանց զրկել իրենց ոչ նյութական ժառանգությունը հարստացնելու և պահպանելու հնարավորությունից։

Նիդեռլանդների գորգերի ցուցահանդեսը հայկական մշակութային ժառանգության քողարկված, բայց վտանգավոր յուրացում է։ Ադրբեջանը, խեղաթյուրելով պատմական փաստերը, չեզոքացնում է ժառանգության իրական ավանդույթը՝ զրկելով այն իր իսկությունից։Այն խախտում է ՅՈՒՆԵԿՕ-ի կողմից ընդունված ժառանգության իսկության սկզբունքը, քանզի համաձայն Նարայում 1994 թվականին ընդունված փաստաթղթի, ճշմարիտ ու հավաստի պետք է լինի այն գիտելիքը, որը դրվում է ժառանգության հիմքում և այն արժանահավատ տեղեկույթով պետք է պահպանվի։

 

MONUMENT WATCH

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031