Լրահոս
Օրվա լրահոսը

Հազարավոր մարդիկ խորապես բանի տեղ չեն դնում անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «աշխատանքից ազատելու» վերաբերյալ սպառնալիքները. «Փաստ»

Հուլիս 08,2025 09:00

Ի՞նչ ցույց տվեցին կոնկրետ հուլիսի 4-ի երեկոյան հրավիրված բողոքի ակցիան, հանրահավաքն ու երթը: Այն, որ հազարավոր մարդիկ խորապես բանի տեղ չեն դնում անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «աշխատանքից ազատելու» վերաբերյալ սպառնալիքները: Ավելին, նրանցից շատերը պահում էին հենց այն նկարով պլակատները, որոնցից այդպես մոլոքոր է ընկել փաշինյանական իշխանությունը:

Մյուս կողմից՝ հաշվի առնելով տեղի ունեցողի ամբողջ ենթատեքստը, ի մասնավորի՝ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը, ազգային, ավանդական արժեքներին դեմ դուրս գալը, սրբություններին դիպչելը, ենթադրելի էր, որ ուղղակիորեն «Տաշիր» խմբին չառնչվող բազմաթիվ այլ հայրենակիցներ, ինչպես ասվում է, ինքնաբուխ կամ հախուռն կմիանան բողոքի ակցիային: Հարկավ, ցուցարարների շարքերում կային նաև այդպիսի հայրենակիցներ, բայց, ամեն դեպքում, դա զանգվածային ընդգրկման բնույթ չէր կրում: Եվ այդ առումով ակնկալիքները, ցավոք, չարդարացան, որքան էլ երթի ժամանակ բազմաթիվ վարորդներ ինքնաբուխ «միանում» էին՝ ձայնային ազդանշաններով, բռունցքները պարզելով կամ պարզապես ցուցարարների հետ իրենց համաձայնությունն արտահայտելով:

Սա, կարծում ենք, կազմակերպիչներին և հետաքրքրված քաղաքական, հասարակական շրջանակներին պետք է հուշի, որ նույնիսկ նման պայմաններում ոչինչ հենց այնպես ու «հախուռն» տեղի չի ունենում, անհրաժեշտ է որոշակի քարոզչական, կազմակերպչական, բացատրական աշխատանք:

Երկրորդը. «Ի աջակցություն Սամվել Կարապետյանի» և նրա ազատության պահանջով ցույցը, կարելի է ասել, միավորել էր հիմնական ընդդիմադիր ուժերի մեծ մասին: Բայց թույլ տանք մեզ նկատել, որ դա ավելի շատ նման էր միաժամանակ նույն տեղում գտնվելու և նույն քաղաքական իրադարձությանը մասնակցելու, քան իսկապես միավորված հանդես գալու: Սա հանգամանք է, որի ուղղությամբ ազգային ուժերն իրենք իրենց մեջ աշխատելու շատ տեղ ունեն, ինչպես և խնդիր ունեն՝ շեղող ու իրենց միմյանցից հեռացնող խնդիրները մի կողմ դնելու և հիմնականի վրա կենտրոնանալու առումներով:

Ընդհանուր առմամբ, եթե տեղի ունեցածը դիտարկենք որպես այս տարվա առաջին խոշոր ակցիա, հաշվի առնենք նաև ամռան «արձակուրդային» հանգամանքը, ապա հուլիսի 4-ի ցույցը նկատելի իրադարձություն էր ամեն պարագայում:

Սակայն հիմնականներից մեկը այն դիտարկումն է, որ բազմահազարանոց այդ ցույցը, չնայած ելույթներին, «Պայքար, պայքար մեր ձևով» կարգախոսին, Սամվել Կարապետյանի և սրբազանների ազատության պահանջներին, չուներ ընդգծված քաղաքական բովանդակություն: Սա ամենից առանցքային հարցն է, միաժամանակ՝ այն բացը, որը առաջիկայում, կարծում ենք, շատ արագ պետք է լրացվի:

Իհարկե, «քաղաքական բովանդակության» այդ բացը լրացնում են բանտից Սամվել Կարապետյանի հղած նամակները: Եվ հուլիսի 4-ին տարածված հայտարարությունն էլ այդ շարքում է: Սամվել Կարապետյանը շատ հստակ հայտարարեց, որ «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ», պարզ ասած՝ պետք է հեռանան: Ի լրումն, ինքը՝ Սամվել Կարապետյանը, պատրաստ է անցնել «պայքարի ճանապարհով», «գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը», որպեսզի Հայաստանը վերագտնի տնտեսապես, սոցիալապես, իրավական, ազգային ու ավանդապահական առումներով իր վերականգնման ու զարգացման բնական հունը: Ու՝ որ ինքը հստակ գիտի, թե ինչպես անել այդ ամենը:

Դա, իհարկե, գնահատելի է: Բայց առաջիկայի համար, կարծում ենք, հստակեցումները պետք է լինեն շատ ավելի որոշակի ու ընկալելի: Հնչող խոսքը, այո, պետք է լինի քաղաքական, առաջադրված նպատակները, դրանք իրականացնելու հանձնառության տակ մտած դերակատարները՝ հստակ: Մի խոսքով՝ պետք է հնարավորինս քիչ լինի կամ չլինի պաթոսը, և հակառակը՝ գերակայեն ռեալությունն ու ռացիոնալությունը

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031