Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ խորշում համեմատականներ տանել այս ամենի և Բաքվում մեր հայրենակիցների ձերբակալության, դատավարության, կեղծ գործերի հետ։ Նույն սցենարն է». Մետաքսե Հակոբյան. «Փաստ»

Հուլիս 08,2025 10:26

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ եթե ընդհանուր գնահատական տա, տեղի ունեցողը բնութագրում է որպես իշխանությունների այլասերվածություն։ «Անդրադառնալով պարոն Գալստյանին՝ չեմ կարծում, որ այս համատեքստում պետք է անսպասելի լիներ ձերբակալությունը։ Բառիս բուն իմաստով թիրախում են հայերը։ Թիրախում են այն մարդիկ, ովքեր չեն համակերպվում հայրենիքի կորստյան և հետագա սպասվելիք կորուստների հետ, որոնք ուրվագծվում են և գնալով ավելի հստակ դառնում։ Ով, եթե ոչ Դավիթ Գալստյանը և մենք կարող ենք այդ իրականությունն առավել պարզ պատկերացնել։ Արդեն անցել ենք դրա միջով, տեսել ենք այն տեխնոլոգիաները, սցենարը, որոնք կիրառում են։ Մեկ անգամ հաջողելու դեպքում տեսնում ենք դրա հստակ վերաիրագործումը Հայաստանի Հանրապետությունում։ Շատ նման է ու նույն սցենարն է, ինչպես և տեղի ունեցավ Արցախում, իհարկե, այս պարագայում արդեն Հայաստանի սուվերեն տարածքներին է վերաբերում։ Դավիթ Գալստյանը, մեր մյուս գործընկերները կալանավորված են, որովհետև ուղղակի հայ են։ Չեմ խորշում համեմատականներ տանել այս ամենի և Բաքվում մեր հայրենակիցների ձերբակալության, դատավարության, կեղծ գործերի հետ։ Նույն սցենարն է։ Եթե երբեմն-երբեմն կասկածներ էինք ունենում Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների համատեղ գործունեության մասով, հիմա կարող ենք, չէ՞, վստահաբար փաստել, որ այդ համագործակցությունը կա, և իրենք զուգահեռ այդ գործընթացը տանում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Մեր զրուցակիցը նաև անդրադառնում է ի աջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված երթին։ «Իշխանությանը հակառակվող կողմն ունի հստակ ընդգծված ծրագրեր, հաստատված կարճաժամկետ ծրագրեր ներկայացնում է արցախյան կողմը, ժամանակ առ ժամանակ իր ծրագրերի մասին հնչեցնում է նաև Սամվել Կարապետյանը, առողջ ազգային ուժեր ևս ծրագրեր են առաջ քաշում։ Մեր բոլորի ծրագրերը դարձել են կոնսենսուսային, այսինքն՝ խոսել այլևս, որ ընդդիմացող կողմը չունի ծրագիր, չեն կարող։ Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ չի ստացվում ժողովուրդ- քաղաքական ուժեր համագործակցությունը։ Սրբազան շարժման պիկին՝ և՛ մայիսի 9-ին, և՛ մայիսի 26-ին, երբ կարող ենք փաստել, որ հինգ տարվա ընթացքում այդպիսի ժողովրդական ընդվզում չէր եղել, չհաջորդեց քաղաքական գործընթաց, և այդ առումով այն չկարողացավ հաջողել։ Ինչո՞ւ, որովհետև, կարծես թե, քաղաքական դաշտում եղան ուժեր, որոնք ամբիցիաներ ունեցան։ Հիմա եկել, հասել ենք մի իրավիճակի, երբ կան քաղաքական հստակ առաջարկներ, օրինակ՝ իմպիչմենտ և այլն, և էլի քաղաքական ուժերը չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, ինչի արդյունքում ժողովրդական շարժումը էֆեկտիվ չի լինում։ Հնարավոր չէ, որ առանց մեկի մյուսը հաջողի։ Հետևաբար, եթե քաղաքական կողմը մեղադրում է ժողովրդին, որ բավականաչափ ժողովուրդ դուրս գալիս, դա ճիշտ չէ, եթե ժողովուրդը մեղադրում է քաղաքական կողմին, որ քաղաքական պրոցես տեղի չի ունենում, դա էլ ճիշտ չէ։ Պետք է համագործակցություն, որի արդյունքում հաջողությունը երաշխավորված է։ Տեսնում եմ նախանշվող համագործակցություն ժողովրդի և քաղաքական ուժերի միջև, բայց դա պետք է լինի շատ արագ, և այդ դեպքում հաջողությունը հնարավոր կլինի»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031