Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մեր դիմաց լրտեսներ են՝ գործակալներ, դրա համար Բաքվից լրիվ այլ ձեւով են պատասխան պահանջում. Նիկոլայ Սիլաև. «Հրապարակ»

Հուլիս 08,2025 11:24

Ադրբեջանը սուր արձագանքեց Եկատերինբուրգում ադրբեջանցիների հանցավոր խմբի լիկվիդացման ընթացքում երկու հանցագործի՝ Սաֆարով եղբայրների մահվանը: Հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ, զրուցել ենք Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևի հետ:

– Ադրբեջանի կողմից ոչ միանշանակ ռեակցիան ինչո՞վ է պայմանավորված։

– Մենք կարող ենք միայն գուշակել, թե ինչու է Ադրբեջանն արձագանքում այդպես: Գարնանը Եկատերինբուրգում մի շատ տհաճ պատմություն եղավ, երբ անհետացավ եւ հետո ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ պարզվեց, որ Ադրբեջանում է հայտնվել թալիշական համայնքի գործիչներից մեկը: Ընդ որում, հիմքեր կան կասկածելու, որ նրա անհետացման հետ կարող էին անմիջական կապ ունենալ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները: Ի դեպ, թալիշցի գործիչը ՌԴ-ի քաղաքացիություն ունի: Կարող է նման բան պատահել, բայց երբ որ դա կատարվում է կոնկրետ երկրի ոստիկանության եւ հատուկ ծառայությունների աչքի առաջ, նկատի ունեմ ռուսականը, բացի զայրույթից, ոչինչ չի կարող առաջացնել: Նման երեւույթները պահանջում են կոպիտ ու շտապ արձագանք: Կազմակերպված հանցավորության դեմ, հանցավոր խմբավորումների ղեկավարների դեմ քրեական գործերը միշտ ավելի շատ ժամանակ են պահանջում, եւ կարծում եմ՝ հենց դրանով էր պայմանավորված, որ միանգամից չեղավ արձագանքը՝ անհրաժեշտ էր հավաքել բավարար չափով ապացույցներ՝ այդ մարդկանց մեղսակցությունն այս կամ այն հանցանքին, իսկ դա ժամանակ է պահանջում:

– Ամեն դեպքում, Ադրբեջանի արձագանքը հարցեր է առաջացնում:

– Եթե այդ մարդիկ, ովքեր անցած ուրբաթ Եկատերինբուրգում ձերբակալվել են, կապ ունեին թալիշցի ակտիվիստի անհետացման հետ, ապա դա նշանակում է, որ նրանք սերտ կապեր են ունեցել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ: Ահա Ձեզ բացատրությունը, թե ինչու էր արդբեջանական կողմի արձագանքն այդքան բուռն: Որովհետեւ երբ մեր դիմաց ոչ թե պարզապես այդ համայնքի ներկայացուցիչներ են, որոնք թեկուզեւ կազմակերպված հանցավոր գործունեության հետ կապ ունեն, այլ լրտեսներ են՝ գործակալներ, դրա համար լրիվ այլ ձեւով են պատասխան պահանջում:

– Իսկ դա ՌԴ-ի անվտանգության համար խնդի՞ր չէ, որ ՌԴ քաղաքացիությամբ ադրբեջանցիներն Ադրբեջանի գործակալներ են:

– Բայց ես չեմ ուզում ասել, որ բոլոր էթնիկ ադրբեջանցիները, ովքեր ունեն ռուսական անձնագրեր, Ադրբեջանի գործակալներ են: Ես ոչ մի փաստ չունեմ, միայն ենթադրություններ կարող եմ անել, հնարավոր է, որ թալիշցի ակտիվիստի անհետացման հետ կապ են ունեցել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Եթե նրանք այդ անհետացման հետ կապ են ունեցել, նշանակում է՝ նրանք սերտ կապեր են ունեցել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։ Սա այն է, ինչ ասացի: Այս կոնկրետ դեպքը, իհարկե, Ռուսաստանի անվտանգության համար վտանգ է ներկայացնում: Կա՞ն էլի գործակալներ, քանի՞սն են, էթնիկ ադրբեջանցինե՞ր են, թե՞ էթնիկ ռուսներ՝ չեմ կարող ասել, սակայն վստահ եմ, որ ռուսական հատուկ ծառայությունները հետեւում են այդ ամենին:

– Ռուսաստանի քաղաքացիների համար հիմա Արդբեջանը վտանգավո՞ր երկիր է:

– ԱԳՆ-ն էլ է, կարծեմ, հայտարարել, որ ավելի լավ է չայցելել Ադրբեջան: Հասկանալի է, որ Ռուսաստանի անձնագրով մարդուն ավելի լավ է այնտեղ չգնալ՝ գոնե այս պահին:

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031