Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց է կարելի պաշտպանել այն մարդկանց, ովքեր ասում են՝ 2 հոգու գյուլլում ես, 15 հոգու մտցնում բանտ»․ Ռուբինյան

Հուլիս 08,2025 11:15

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու միջնորդությունը։ 

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում ասաց, որ ընդդիմությունը սկզբում նմանակում էր ՔՊ-ին, բայց տեսան, որ թավշյա մեթոդներով չի հաջողվում։ «Հետզհետե Վազգեն Գալստանյանը չարացավ, չարիքը պատեց իր ոգին, եւ գնալով իրենց գործողությունները դառնում էին ավելի ու ավելի ոչ խաղաղ, բռնի։ Կհիշեք, որ անցած տարի ԱԺ վրա հարձակում տեղի ունեցավ։ Նպատակն էր գրավել ԱԺ-ն։ Ի վերջո, դա էլ չհաջողվեց, արդյունքում՝ իրենց մեթոդները դառնում էին բռնի եւ բռնի ու հանգեցրին տեռորի»,- ասաց Ռուբինյանը։

Նա մեջբերումներ արեց կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանի եւ մյուսների խոսակցության ձայնագրությունից, որն ընդդիմադիրները մոնտաժված ու համատեքստից կտրված են համարում։ «Ես չեմ հասկանում ոչ խորհրդարանական ընդդիմությանը, ոչ արտախորհրդարանական ընդդիմությանը, թե ոնց է կարելի կանգնել ու անվրդով դեմքով պաշտպանել, չդատապարտել, լղոզել պատասխանատվությունն այն մարդկանց, ովքեր ասում են՝ երկու հոգու գյուլլում ես, 15 հոգու մտցնում ես բանտ, ընտանիքներին տալիս ես կոմպենսացիա, եւ վերջացավ։ Ո՞նց է հնարավոր կոնտեքստից կտրել 2 հոգու գյուլլելու խոսակցությունը։ Ասում էր՝ Նեռ, բայց ինքն է վերածվել Նեռի, պատասխան են տալու իրենց հանցագործությունների համար»,- նշեց Ռուբինյանը։

Նա դիմեց ընդդիմությանը․ «Եթե բոլորը մտածեն, որ բռնությունն արդարացված է հանուն ինչ-որ վեհ նպատակների, իսկ բոլոր վեհ նպատակ ունեն, դա կբերի տոտալ քաոսի։ Օրինակ՝ պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե ես, ամբողջ ՔՊ-ն մտածենք, որ հանուն վեհ նպատակի ձեզ բոլորիդ պետք է վերացնենք, լավ բա՞ն ա դա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031