Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավալի է, երբ ոմանք ներկայանում են որպես Հայ Եկեղեցու պաշտպաններ, բայց միևնույն ժամանակ թիրախավորում են Եկեղեցին

Հուլիս 08,2025 13:39

Ընդդիմադիր մի լրատվամիջոց վերջերս անդրադարձել է ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի հրավիրված հավաքին մասնակցող հոգևորականներին։ Նյութի հեղինակը նշում է, որ բարձրաստիճան հոգևորականներից Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ելույթում չի խոսել կալանավորված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների մասին։

Ստիպված ենք պարզաբանել․ հավաքին մասնակցած բարձրաստիճան հոգևորականները նույն օրը մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված եպիսկոպոսաց ժողովին, որի պաշտոնական հայտարարության մեջ հստակ և հատուկ կերպով անդրադարձ է կատարվել երկու սրբազանների կալանավորման փաստին։ Հիշյալ հայտարարությունն արտահայտում է Եկեղեցու միասնական դիրքորոշումը և հոգևորականության վերաբերմունքը ինչպես Միքայել և Բագրատ սրբազաններին, այնպես էլ ամբողջ Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ։

Բացի դրանից, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հավաքից անմիջապես հետո երկու առիթով հանդես է եկել լրատվամիջոցների հետ հարցազրույցներով, որոնցում հստակորեն արտահայտվել է Եկեղեցու որդեգրած դիրքորոշումը։

Pastinfo.am-ին և 168.am-ին տված հարցազրույցներում Սրբազան Հայրն իր զորակցությունն է հայտնում Միքայել և Բագրատ սրբազաններին՝ նշելով, որ քանի դեռ չկա դատարանի որոշում, մենք իրավունք ունենք առաջնորդվելու անձի անմեղության կանխավարկածով, և չենք հավատում, որ նրանք կարող էին այդպիսի հանցակազմ պարունակող գործողությունների մեջ ներգրավված լինել։ Գևորգ սրբազանը նշում է նաև, որ պիտի աղոթենք, որպեսզի արդարությունը, իրավունքը հաղթանակի։

Շուտով այս թեմայով կհրապարակվի նաև Գևորգ սրբազանի երրորդ հարցազրույցը։ Հետևաբար՝ հարցադրումը, թե «հոգևորականները մոռացա՞ն, թե՞ ուրացան» իրենց եղբայրներին, ոչ միայն կեղծ է, այլև տարակուսելի, մանավանդ, երբ նման հրապարակում է կատարում ընդդիմադիր լրատվամիջոցը՝ ուղղակի կամ անուղղակի կերպով ջուր լցնելով իշխանական հռետորաբանության ջրաղացին։

Ցավալի է, երբ ոմանք ներկայանում են որպես Հայ Եկեղեցու պաշտպաններ, բայց միևնույն ժամանակ թիրախավորում են Եկեղեցին։ Այս դատապարտելի մոտեցումը խորը արմատներ ունի։ Դեռևս 2018 թվականից առաջ մի շարք լրատվամիջոցներ և անհատներ տարբեր հերյուրանքներով ու կեղծ տեղեկություններով հարված էին հասցնում Եկեղեցու հեղինակությանը՝ փորձելով ժողովրդի մեջ ձևավորել հակաեկեղեցական տրամադրություններ։ Եվ այսօր նրանք դժգոհում են ստեղծված իրավիճակից՝ առանց ընդունելու, որ այս իրավիճակի ձևավորման մեջ պատասխանատվության իրենց բաժինն էլ կա։

Հիշեցնենք միայն Պողոս առաքյալի խոսքը. «Աստված քննում է խոկումները և սրտի մտադրությունները։ Եվ Նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ» (Եբր. 4։12-13)։

 

Տեր Պողոս քահանա Միքայելյան

Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031