«Տեսնում եք, որ սա մաքուր քաղաքական գործ է․ որևէ հիմնավորում, փաստարկ ո′չ դատախազը, ո′չ ՔՊ-ականները չեն բերել այդ գործի շրջանակներում։ Սարքած, կտրած, մոնտաժած ձայնագրություններ են։ Ասում են` հայտնաբերել են քարտեզ, իմ տանն էլ Մեծ Հայքի՝ ծովից ծով Հայաստանի քարտեզը կա․ ինձ կարող են մեղադրել միջազգային ահաբեկչության մեջ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար միջնորդությանը։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, թե «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Անդրադառնալով գլխավոր դատախազի այն հայտարարություններին, թե ծխեր են պատրաստել, սալյուտներ և այլն, Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Էդ ծխերն ԱԺ ամբիոնից էին բաց թողնում 2018-ին։ Էն ժամանակ ՊՊԾ-ն սենց չէր պահում։ Ո′չ Սրբազանը, ո′չ Արթուր Սարգսյանը ոչ էլ մեր ընկերներից որևէ մեկը նման արտահայտություն չի արել։ Այս ամբողջ գործընթացը միտված է եղել խաղաղ բողոքի ակցիաներ իրականացնելուն։ Դա մեր սահմանադրական իրավունքն է։ Մենք իրավունք ունենք մեր բողոքի ձայնը բարձրացնել, անհնազանդություն անել։ Որ ասում են՝ պլանավորել են գնալ օդանավակայան, հարց եմ տալիս՝ ի՞նչ է՝ մենք իրավունք չունե՞նք ակցիաներ իրականացնելու։ Հիմա էլ բերեք ընդդիմադիր լինելը քրեականացրեք»։
Նա հորդորեց լրագրողներին ուշադիր հետևել ՔՊ պատգամավորների խոսույթին․ «Իրենց պահում են լկտի բորենիների նման։ Հարձակում են գործում նաև կին պատգամավորների նկատմամբ։ Ուզում եմ հիշեցնել, որ Ագնեսա Խամոյանի հղի օգնականի նկատմամբ բռնություն են կիրառել։ Ակնհայտ ԱԺ ղեկավարության կողմից՝ մասնավորապես Հակոբ Արշակյանի կողմից ապօրինի ցուցումներ կան, որ պետք է այս կամ այն անձանց ԱԺ-ից հեռացնել։ ՔՊ-ականների օգնականները ներս էին մտել ԱԺ և ակնհայտ մասնակցում էին այդ գործընթացին։ Այն, ինչ տեղի էր ունենում ԱԺ-ում, հստակ պլանավորված էր իրենց կողմից։ Կադրերում երևում է, որ դուրս են գալիս Արթուր Սարգսյանի հետևից հաշվեհարդար տեսնելու։ Երբ մեր պատգամավորները դուրս եկան նրա հետևից տեսնելու՝ ինչ է տեղի ունենում, ՊՊԾ աշխատողները շղթա էին կազմել՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներին մի կողմ հրելով, մեր պատգամավորներին տանելով ՔՊ ֆրակցիայի դաշտ և ակնհայտ բռնություններ կիրառելով»։
Կարդացեք նաև
Գառնիկ Դանիելյանը նաև հայտնեց, որ ԱԺ ՊՊԾ աշխատակիցներն ասում են, որ աշխատակազմի ղեկավարի կողմից հրահանգ կա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին հանելու դուրս․ «Մենք այս օրերի ընթացքում տրամադրված էինք, որ գնանք, ելույթներ ունենանք, բայց ՔՊ-ականներն այլ մարտավարություն էին որդեգրել։ Արթուր Սարգսյանը ելույթի ընթացքում սադրիչ խոսքեր հնչեցին։ ՔՊ պատգամավորները ամբողջ ելույթի ընթացքում սադրում էին Արթուր Սարգսյանին։ Սա ուղղորդվում է ՔՊ-ի կողմից։ Սա ակնհայտ ուղղորդված, պլանավորված գործ է։ Դաշտը մաքրում են, որ հարձակում գործեն հայ առաքելական եկեղեցու նկատմամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ