Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների գործողությունները և բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը։
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին առանձնահատուկ և պաշտելի նշանակություն ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։ Այն նաև համաշխարհային Քրիստոնեական ընտանիքի էական ու անփոխարինելի անդամ է և մեծապես նպաստում է էկումենիկ շարժմանը և Եկեղեցու համատեղ վկայությանն ամբողջ աշխարհում։
Սուրբ վայրերի նկատմամբ ուժի կիրառման և հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում կրոնական ազատության պաշտպանության, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության առնչությամբ։
Կարդացեք նաև
Մենք նաև գիտակցում ենք այն ազդեցությունը, որ հանրային հռետորաբանությունը կարող է ունենալ տարածաշրջանային լարվածության պահերին։ Խոսքը, որն ընկալվում է որպես թշնամական կամ նսեմացնող կրոնական համայնքների նկատմամբ, վտանգում է խորացնել հասարակական պառակտումները այն ժամանակ, երբ առավել քան երբևէ անհրաժեշտ են միասնությունն ու փոխըմբռնումը։
Այս համատեքստում՝ ԵՀԽ-ն հարգանքով կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝
- Ապահովել բոլոր կրոնական առաջնորդների և հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունն ու օրինական իրավունքները։
- Զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կրոնական կառույցների դեմ ուղղված թիրախավորում կամ հանրային թշնամանքի հրահրում։
- Հարգել կրոնական ազատության, օրինական ընթացակարգերի և հավատքի խաղաղ արտահայտման սկզբունքները։
- Խրախուսել պետական կառույցների և կրոնական համայնքների միջև բաց և կառուցողական երկխոսությունը։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զորակցում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, որի պատմական վկայությունն ու մնայուն դերը երկար ժամանակ մեծապես նպաստել են ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ համաշխարհային Քրիստոնեական համայնքի հոգևոր կյանքին և զորացմանը։ Մենք շարունակում ենք աղոթել Հայաստանի առաջնորդների իմաստության և խորաթափանցության համար, հոգևորականության և հավատացյալ ժողովրդի բարեկեցության, ինչպես նաև առկա խնդիրների՝ արդարության, խաղաղության և բոլորի հանդեպ հարգանքի վրա հիմնված կարգավորման համար։
Այս կարևոր պահին մենք կոչ ենք անում շահագրգիռ բոլոր կողմերին գործելու պատասխանատվությամբ, նրբանկատությամբ և հավատարմությամբ այն արժեքներին, որոնք նպաստում են արժանապատվությանը, երկխոսությանը և խաղաղ համակեցությանը։