«Մնար, ի՞նչ աներ, այդ պիղծի հարցերին ի՞նչ պատասխաներ։ Բոլոր նրանք, որոնք մեղադրում են Արթուր Սարգսյանին ահաբեկչական գործողությունների մեջ, պիղծ են։ Առանց պատշաճ, փաստագրված, ապացուցված հիմքերի, երբ մարդուն ասում ես՝ դու ահաբեկիչ ես, դա պիղծ է»,-լրագրողների հարցին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ինչո՞ւ չմնաց, որ պատասխանի ՔՊ-ականների հարցերին, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ տեսե՞լ է ԱԺ-ում ծեծուջարդի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին և ի՞նչ է կատարվել նրա հետ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Մեկնաբանում են, որ իբր ԱԺ աշխատակազմի ղեկավարը հանձնարարություն է տվել, որ Սուքոյանին անվայել պահվածք ցուցաբերելու համար հեռացնեն։ Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Այն, որ ՔՊ պատգամավորների օգնականներն էին անվայելուչ պահվածք ցուցաբերում և անդաստիարակի պես իրենց պահում, դրա պահանջը դրեցի։ ՔՊ պատգամավորների օգնականները քաշքշում էին պատգամավորներին, հրում, արտահայտություններ էին անում, անցել էին այս անվտանգության գոտին, գնում էին դահլիճ։ Բա դրանք խախտումներ չե՞ն։ Իսկ Արթուր Սուքոյանը հիմա տարածքում չէ»։
Կարդացեք նաև
Հարցին՝ հակաիրավական արա՞րք է թույլ տվել Արթուր Սուքոյանը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ինչ է եղել։ Սա հերթական շոուներից մեկն է։ Իրենք պղծում են այս ամբիոնը և փորձում մեղադրել մեր պատգամավորներին ու նրանց օգնականներին։ Սա հերթական հակաիրավական վարքագիծն է»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է Արթուր Սուքոյանը կասկածվում է, որ մասնակցել է հակաիրավական օպերացիային, Արծվիկ Մինասյանն այսպես արձագանքեց․ «Ի՞նչ օպերացիա, և Դուք հավատո՞ւմ եք այդ օպերացիային։ Ժողովրդի մոտ ուզում են ահասարսուռ պատկերներ ստեղծել․ նպատակն է թիրախավորել բոլոր հնարավոր օջախները։ Իսկ ահաբեկչության ամենախոշոր դատապարտողը հենց մենք՝ ընդդիմությունն ենք։ Մենք ցույց ենք տվել, որ չկա որևէ բռնի մեթոդներով և ուժի գործադրմամբ իշխանություն վերցնելու օրակարգ մեր գործողությունների մեջ ի տարբերություն իշխանության, որը հենց ահաբեկչական մեթոդների գործադրմամբ պահում է իր իշխանությունը՝ փորձել մարդկանց կապել նկարագրված փաթեթավորված սցենարների մեջ․ չի աշխատելու։ Իրենց նպատակն է կեղծ մի բան սարքել, ասել՝ տեսեք՝ ընդդիմության արածն է։ Սա կեղծված ապացույցների, քաղաքական անհնազանդության ակցիաներն ահաբեկչության սոուսով ներկայացնելու ձև է։ Դրա նպատակը մեկն է՝ ապահովել Նիկոլ Փաշինյանի հանցավոր իշխանության շարունակականությունը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային