«Այո, պատրաստ ենք՝ օրենքի սահմաններում»,- ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը՝ ՀԷՑ-ի գլխամասային շենքից դուրս գալուց հետո այսպես պատասխանեց Aravot. am-ի հարցին։ Հետաքրքրվել էինք՝ պատրա՞ստ են պայքարել իշխանության դեմ, որն այժմ պետության հետ է նույնականացված եւ իր ձեռքում ունի պետական բոլոր լծակները։

Narek Karapetyan, Chairman of the Board of the Electric Networks of Armenia (ENA), is meeting with members of the press
Նարեկ Կարապետյանին բակում հավաքված ՀԷՑ-ի աշխատակիցները դիմավորեցին ծափահարություններով։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացնում ՀԷՑ գլխավոր մասնաշենքում, խուզարկություն է իրականացվել նաեւ Նարեկ Կարապետյանի տանը։
«Առավոտյան եկել էին մեր տուն խուզարկության, իսկ հետո եկան աշխատասենյակը խուզարկելու։ Աշխատասենյակում 37 հատ իմ աշխատանքային փաստաթղթերն են, դրանք առգրավել են»,- լրագրողների հարցերին ի պատասխան մանրամասնեց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ իշխանությունը ծրագրված գործողություն է սկսել, որը ցանկանում է հասցնել ավարտին, այդ պատճառով էլ դիմում են զանգվածային ճնշումների։
Կարդացեք նաև

Narek Karapetyan, Chairman of the Board of the Electric Networks of Armenia (ENA), is meeting with members of the press
«Հայաստանում այլեւս ձերբակալությունից, կալանավորումից ոչ ոք չի վախենում։ Ինչքան ուզում են՝ թող կալանավորեն, ձերբակալեն։ Հայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել։ Միշտ գալիս են պահեր, որ դու պետք է ցույց տաս քո կամքը ու գնաս ալիքին դեմ, որպեսզի հետո գլուխդ բարձր ապրես։ Սա այդ պահն է ու մեզ համար մեծ պատիվ է, եթե անգամ այդպիսի իրավիճակ լինի, ճաղերից այն կողմ լինել։ Դրանից ոչ ոք չի վախենում»,- ասաց նա։
Անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի 51 ընկերություններում խուզարկություններին էլ, Նարեկ Կարապետյանն ասաց․ «Վստահ չեմ, որ բոլոր 51–ն էլ «Տաշիր» խմբի ընկերություններն են։ Ինձ թվում է, որ դրա նշանակալի մասը ուրիշ ընկերություններ են, ուղղակի իրենք բոլոր այն ընկերություններին, որոնց համարում են «Տաշիր» խմբի անդամ, փորձում են ինչ–որ ձեւով աշխատակազմին ճնշման ենթարկեն։ Հնարավոր է, որ դրանք չլինեն «Տաշիր» խմբի անդամ։ Ես ունեմ ինֆորմացիա, որ կան ընկերություններ, որոնց փորձում են ենթարկել քաղաքական ճնշումների, բայց դրանք մեզ հետ կապ չունեն»,–ասաց Կարապետյանը։
Նա նաեւ հավելեց՝ եթե բազմամարդ չլիներ իրենց վերջին հանրահավաքը, հնարավոր է՝ նման բռնաճնշումների չառերեսվեին. «Սակայն, երբ մենք տեսանք մարդկանց քանակը, տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեցին, մենք հասկացանք, որ սաստկանալու են ճնշումները»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութն՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ